


Արմինֆո. Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող բոլոր հայ կալանավորներին ազատ արձակելու ուղղությամբ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքական ղեկավարությանը:
Համանախագահները նամակը հղել են ի պատասխան հուլիսի 15-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների: Թրամփը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է մոտ լինել: Նամակում ընդգծվում է, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքն ու մշակութային խնդիրները մնում են չլուծված: Նամակում կոչ է արվում Միացյալ Նահանգներին աջակցել իրական եւ արդար որոշմանը, որը ներառի անվտանգ, կամավոր եւ արժանապատիվ վերադարձ: Դրանում նաեւ ընդգծվում է, որ լիակատար, հաստատուն խաղաղությունը պետք է ներառի անվտանգության հուսալի երաշխիքներ Հայաստանի Հանրապետության համար, ներառյալ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիովին դուրսբերումը, ինչպես նաեւ համաձայնագրի ցանկացած խախտման հստակ հետեւանքները:
Պետքարտուղար Ռուբիոյին ուղղված այդ նամակը հաջորդել է նախագահ Թրամփին ուղղված համանախագահների նախորդ նամակին, որում նույնպես կոչ էր արվում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին, ապահովել հայ ժողովրդի անվտանգության հստակ երաշխիքներ, Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի խախտման խիստ հետևանքներ և արցախահայության համար վերադարձի հիմնարար իրավունքի երաշխիքներ:



