
Արմինֆո. «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ հարաբերությունների մասին հռչակագրի դրական կողմը:
«Եթե իսկապես խաղաղություն հաստատվի, ապա հասկանալի է, որ որևէ ռեալիստական քաղաքական ուժ իշխանության գալով չի կարող հրաժարվել այդ խաղաղության տարբերակից։ Նորմալ քաղաքական ուժերը պարտավոր են մնալ միջազգային մակարդակով ընդունված պարտավորություններին հավատարիմ, քանի որ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի քաղաքական քարոզչությունը, ըստ էության, շանտաժի էր ենթարկում ժողովրդին՝ շահարկելով պատերազմի հանդեպ ժողովրդի ունեցած սարսափը։ Նրա թիմը պնդում էր, թե՝ եթե այս կամ այն քայլը չարվի, պատերազմ կլինի։ Իսկ հիմա իրենք են ասում, որ պատերազմի էջը փակված է, և մենք խաղաղության հանգրվանի ենք հասել։
Այստեղ մի դրական կետ կա, որ սրա արդյունքում կարող է ձևավորվել մի իրավիճակ, երբ Փաշինյանի թիմն այլևս չի կարող շահարկել պատերազմի վերսկսման վախը, և ժողովուրդը կարող է ի վերջո պահանջել պատասխանատվության ենթարկել Հայաստանը ձախողած այդ թիմին՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ հաջորդ իշխանության եկող ուժը շարունակելու է խաղաղության ուղին», - գրել է Զուրաբյանը սոցցանցում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:
Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 17 հոդվածից: Փաստաթղթի նախաբանում ասվում է, որ
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,
ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975թ.) և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով և նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի և սկզբունքների հիման վրա,
արտահայտելով իրենց միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,
համաձայնել են խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատել միմյանց միջև: