
Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից բռնագանձել «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին և տուժածներին տրամադրված 670 միլիոն դրամը։ Այդ մասին Factor.am-ին հայտնի է դարձել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը ստացվել է օգոստոսի 11-ին և մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանին։
Այսպիսով՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանից և պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովից հետադարձ պահանջով՝ համապարտության կարգով, բռնագանձել Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 000 000 դրամ վնասը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին՝ փետրվարի 19-ին տեղի ունեցած հերթական նախագահական ընտրություններից հետո, որտեղ հաղթել էր Սերժ Սարգսյանը, Երևանում անկարգություններ էին սկսվել, որոնք բախումների էին վերածվել իրավակարգի ներկայացուցիչների հետ: Ընդդիմությունը՝ առաջին նախագահ Լեւոն Տեր - Պետրոսյանի գլխավորությամբ, որը նույնպես առաջադրվել էր ընտրություններում, փետրվարի 20-ից Երեւանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում ՝ դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից:
Բողոքի ակցիաները մարտի 1-2-ին վերածվել էին անկարգությունների եւ ցուցարարների ու իրավապահների միջեւ բախումների, որոնց հետեւանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում ՝ ոստիկաններ, ավելի քան 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործն ամբողջությամբ բացահայտված է: "Մեկ անգամ ևս կրկնեմ և ամենայն պատասխանատվությամբ ասեմ ՝ չկա տարբերակ, որ հանցագործներից որևէ մեկը, նրանց պարագլուխները կարողանան խուսափել պատասխանատվությունից։ Նման տարբերակ չկա", - ընդգծել էր նա։
Նշենք, սակայն, որ մինչ օրս պատասխանատուներից ոչ մեկը համապատասխան պատիժ չի կրել այդ հանցագործության համար։