


Արմինֆո. Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:
Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ Բացման արարողությունը եզրափակվել է հանդիսավոր երթով:
«Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժության հիմնական նպատակներն են. խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում; կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում; ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:
Զորավարժությունը ներառում է նաև խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում։



