


Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը։
Կրեմլի մամուլի ծառայությունն, իր հերթին, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: «Վլադիմիր Պուտինը կարևորել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության ապահովմանը նպաստող քայլերը: Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ 2020 - 2022թթ. բարձր մակարդակի հայտնի եռակողմ պայմանավորվածությունների հունով աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորմանը, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, պատմել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին: Հայաստանի վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցերի՝ եվրասիական տնտեսական միության շրջանակներում առևտրա - ներդրումային համագործակցության և փոխգործակցության հետագա զարգացման շեշտադրմամբ», - հաղորդում է «Կրեմլին.ռու»-ն:



