
Արմինֆո. Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը չհիմնավորված է համարել Ադրբեջանի նկատմամբ 907-րդ հոդվածի կիրառումից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշումը (Freedom Support Act-1992 թվականին ընդունված ամերիկյան օրենսդրության դրույթ, որն արգելում էր ԱՄՆ կառավարությանը ռազմական և տեխնիկական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը): Այդ մասին նա գրել է X-ի իր միրկոբլոգում՝ մեկնաբանելով երեկ Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված առաջընթացը՝ նա, սակայն, նշել է, որ Հայաստանի հարավով տրանսպորտային միջանցքի առկայությունը դժվարություններ կստեղծի երկրի համար: Կոնգրեսականը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի ուղղակի մասնակցությունը կհանգեցնի արդար և ամուր խաղաղության համաձայնագրի և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման վերացման:
Նա նշել է, որ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի Հայաստանի անվտանգության երաշխավորման հուսալի մեխանիզմներ՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների խախտման դեպքում: «Այդ համատեքստում ԱՄՆ-ի կողմից "Ազատության աջակցության ակտի" 907-րդ հոդվածի կիրառումից հրաժարվելը հիմնավորված չէ: Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու ոչ մի հիմք չկա", - ընդգծել է Փալոնը։
Կոնգրեսականը նաև նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստիպեն ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին, ինչպես նաև դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:
Միևնույն ժամանակ, Փալոնը հիշատակել է նաև արցախցիներին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի ապահովելու բռնի տեղահանված արցախահայության անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը իրենց հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ