
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցով Թուրքիան Հայաստանի տարածքով ուղիղ ճանապարհ է ճեղքելու դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Միջին Ասիա, իսկ դրա հետ միասին՝ դեպի ՆԱՏՕ և ԱՄՆ, որոնք, այդպիսով, կստանան իրենց բոնուսը։ Իր տելեգրամյան ալիքում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ՝ Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Փաշինյանի այսօր կայանալիք հանդիպման առնչությամբ։
Զատուլինի ասելով՝ դեռ մինչև վերջ պարզ չէ, թե կոնկրետ ինչ են ստորագրելու կողմերը, սակայն, նա համոզմունք է հայտնել, որ խոսքը գործարքի մասին է, որի արդյունքում Ամերիկան գալիս է տարածաշրջան, իսկ Ռուսաստանն ու Իրանը պետք է հաշտվեն դրա հետ: "Անկախ այն բանից, թե արդյոք դա կներառվի որևէ համաձայնագրի տեքստում, թե՝ ոչ, վերջակետ է դրվելու Հայաստանի Սյունիքով արտատարածքային միջանցքի և դրա նկատմամբ վերահսկողության հարցում", - կարծում է պատգամավորը:
Մինչդեռ, նրա խոսքով, Վաշինգտոնում հանդիպման անտեսանելի մասնակիցներ կլինեն Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, և, հնարավոր է, Իսրայելը։ Ընդ որում, ինչպես պարզաբանել է Զատուլինը, եթե Թուրքիայի եւ Իսրայելի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի համար դա կլինի այն բանի իրագործումը, ինչն ընդունված է անվանել ազգային շահ, ապա Ռուսաստանի եւ Իրանի համար դա կդառնա ազդեցության կորստի եւ ծրագրերի շտապ սսրբագրման, մասնավորապես, "Հյուսիս-Հարավ" միջանցքի ճակատագրի վերանայման եւ դրա փոխարինման անհրաժեշտության հեռանկար:
"Այս ամենում ամենաքամահրելին Հայաստանի մասնակցությունն է։ Ըստ էության, "իրենց վզին նստեցնելով" Նիկոլ Փաշինյանին ՝ նրա ընտրողները դատավճիռ են կայացրել հենց իրենց և Հայաստանի նկատմամբ։ Այստեղ ոչ մի ազգային շահի հոտ չի գալիս", - ընդգծել է Պետդումայի պատգամավորը։
Անդրադառնալով իրավիճակի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության կորստին՝ Զատուլինը նշել է, որ դա ոչ միայն ինչ-որ սխալ հաշվարկների հետևանք է, այլ՝ տարածաշրջանում երկրի թուլացման օբյեկտիվ փաստ ՝ Ուկրաինայում պատերազմի և Արևմուտքի հետ դիմակայության պատճառով։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 8-ին, Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում: Փաշինյանի հետ Թրամփի հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին), Ալիևի հետ ՝ 15:20-ին (Երևանի ժամանակով 23:20-ին): Երկկողմ բանակցությունների ավարտին ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով 24: 00-ին) նախատեսված է ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարություն: