


Արմինֆո. Այսօր Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը:
"Ես անհամբերությամբ սպասում եմ վաղը Սպիտակ տանը կայանալիք խաղաղության պատմական գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Այս երկու երկրները երկար տարիներ պատերազմի վիճակում են, ինչը հանգեցրել է հազարավոր մարդկանց մահվան։ Շատ առաջնորդներ փորձել են վերջ տալ այդ պատերազմին, բայց՝ ապարդյուն, մինչ այժմ՝ շնորհիվ "Թրամփի": Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցում է երկու կողմերի հետ։ Օգոստոսի 8-ին նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը", - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ truthsocial.com իր էջում: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նաեւ երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ տնտեսական հնարավորությունների համատեղ զարգացման շուրջ, որպեսզի "մենք կարողանանք լիարժեք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը": "Ես շատ հպարտ եմ այդ խիզախ առաջնորդներով, ովքեր ճիշտ բաներ են անում Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների համար ։ Դա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ողջ աշխարհի համար", - ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։
Նշենք, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին), Ալիևի հետ՝ 15:20-ին (Երևանի ժամանակով 23:20-ին): Երկկողմ բանակցությունների ավարտին ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով 24: 00-ին) նախատեսված է ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը:



