
Արմինֆո. Երկարամյա հակամարտությանը վերջ տալու դիվանագիտական դրամատիկ փորձի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Անդրկուլիսյան ինտենսիվ բանակցությունների ամիսների գագաթնակետը դարձած հանդիպումը կոչված է փոխելու Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը և ամրապնդելու ԱՄՆ-ի կենտրոնական դերակատարությունը տարածաշրջանում, որտեղ երկար ժամանակ գերիշխում էին Ռուսաստանն ու Իրանը: Սպիտակ տանը խաղաղության գագաթնաժողովին ընդառաջ Kyiv Post-ի վաշինգտոնյան թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն զրուցել է ԱՄՆ մի քանի պաշտոնյաների հետ խաղաղության համաձայնագրի նախագծին առնչվող առանցքային իրադարձությունների և մանրամասների մասին:
Համաձայնագրի կենտրոնական տարրը նոր առևտրային և ենթակառուցվածքային նախագիծն է, որը կոչվում է "Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար" (TRIPP): Այդ նորարարական նախագիծը կոչված է լուծելու երկու երկրների միջև ամենավիճահարույց հարցը՝ տրանսպորտային կապը: TRIPP-ը կստեղծի տարանցիկ երթուղի Հայաստանի հարավով՝ ապահովելով Ադրբեջանի անարգել մուտքը դեպի իր անկլավ Նախիջևան։ Կարևոր է նշել, որ ԱՄՆ պաշտոնյաները Kyiv Post-ի հետ հարցազրույցում անանուն մնալու պայմանով հայտարարել են, որ այդ երթուղին կպահպանի Հայաստանի "ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավասությունը": TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ: Պաշտոնական անձինք հստակ հայտարարել են, որ ԱՄՆ-ը չի տրամադրում "անվտանգության կոշտ երաշխիքներ" և զորք չի տեղակայում այդ երթուղում: ԱՄՆ-ի մասնակցությունը լինելու է բացառապես առեւտտրային. ԱՄՆ-ը կստանձնի "բոլոր կողմերի համար երթուղու անվտանգ շահագործումն" ապահովելու պատասխանատվությունը "բարձրակարգ օպերատորների" հետ համաձայնագրերի միջոցով:
Այդ հանդիպումը, Ռաուֆօղլուի ասելով, իրենից ներկայացնում է զգալի նահանջ նախորդ, հիմնականում, փակուղի մտած միջնորդական ջանքերից։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ այդ պահի ճանապարհը սկսվել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի՝ փետրվարի վերջին Բաքու կատարած այցից, որտեղ "կառուցողական կապեր" են հաստատվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դա դուռ է բացել տարածաշրջան ԱՄՆ ներկայացուցիչների հինգ լրացուցիչ այցերի համար, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների շրջանում ընդհանուր վստահություն են գտել առ այն, որ "սա պահ է": Պաշտոնյաներն ընդգծել են, որ ներկայիս աշխարհաքաղաքական մթնոլորտը, երբ և Ռուսաստանը, և Իրանը զբաաղված են այլ գլոբալ խնդիրներով, եզակի հնարավորություն է ստեղծում երկու երկրների համար "համարձակ քայլ" կատարել դեպի խաղաղություն: Պաշտոնական անձանց ասելով՝ ուրբաթ օրը, օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի ներկայությամբ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը մի քանի կարեւոր փաստաթուղթ կստորագրեն: Մասնավորապես, կստորագրվի համատեղ հռչակագիր, որը կամրագրի "խաղաղության կոնկրետ ուղին" եւ պետք է պաշտոնապես հանգեցնի հարաբերությունների լիակատար կարգավորման, որոնք այդ անձինք բնութագրել են որպես "հնարավորինս մոտ եւ անշրջելի": Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կնախաստորագրեն երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստը, որի շուրջ բանակցություններն ընթանում են արդեն մի քանի ամիս:
Կողմերը կստորագրեն նաև Մինսկի խմբից դուրս գալու մասին համատեղ նամակ: Երկու երկրներն էլ պաշտոնապես դուրս կգան ԵԱՀԿ Մինսկի խմբից ՝ միջնորդական հարթակից, որը ճանաչվել է "անօգուտ" և նոր մոտեցման կարիք ունի: