
Արմինֆո. Անտեսելով սեփականության իրավունքը և միջազգային դատարանների կողմից սահմանված պարտավորությունները՝ Ադրբեջանը համառորեն իրականացնում է Հայրենիքի բնաջնջման քաղաքականություն՝ հույս ունենալով այդ կերպ զրկել Արցախի ժողովրդին վերադառնալու կամքից:
Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը Gougle Earth-ի կողմից 2015 թվականի մայիսի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի նոր արբանյակային լուսանկարի հրապարակման կապակցությամբ։ Ըստ այդ լուսանկարի, ինչպես հայտնել է Շահվերդյանը, ոչնչացվել է 8,7 հա պատմական 6 թաղամասերում, 5,7 հա ՝ համալսարանական թաղամասում, 2,6 հա ՝ Պաշտպանության նախարարությանը հարող թաղամասերում, և 1,3 հա՝ Արթուր Մկրտչյան փողոցում։
"Ընդհանուր առմամբ՝ ոչնչացվել են բնակելի և հասարակական շինություններ առնվազն 18,3 հեկտար ընդհանուր մակերեսով տարածքում։ Շուրջ 40 բազմահարկ բազմաբնակարան շենքեր, առնվազն 100 առանձնատներ, տասնյակ խանութներ, սրճարաններ և հասարակական նշանակության այլ օբյեկտներ: Մենք չենք խոսում Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի և "Արմենիա" հյուրանոցի շենքերի քանդման և դրանց տեղում ինչ-որ կոնգրես - կենտրոն կառուցելու մասին, որն այլանդակել է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի ճարտարապետական անսամբլը",- ուշադրություն է հրավիրել նախկին նախարարը։
Սակայն, չնայած դրան, նա համոզմունք է հայտնել, որ Արցախի ժողովուրդը դեռ կվերադառնա և կվերակառուցի Հայրենիքը՝ ի հեճուկս Ստեփանակերտում Ադրբեջանի օկուպացիոն կառավարության իրականացրած ավերածությունների մասշտաբների։ "Մենք Արցախը կվերադարձնենք Հայաստանին և կվերակառուցենք մեր երկիրը, նույնիսկ, եթե դուք ամբողջությամբ քանդեք նրա մայրաքաղաքը, ինչպես դա արեցիք 1990-1993 թվականներին", - եզրափակել է Շահվերդյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը ահազանգել էր, որ օրեր առաջ Ակնայի շրջանում բռնկված հրդեհները տարածվել են հյուսիս-արևելքում մինչև Թալիշ գյուղ և հարավ - արևելքում մինչև Ջրական և Հադրութ ՝ Արցախի Հանրապետության արևելյան սահմանի գրեթե ողջ երկայնքով: Ինչպես հաղորդել է Արցախի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, այդ հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան: