


Նախորդ ամսվա արդյունքներով արդեն երկրի էներգահամակարգում կորուստների կրճատման միտում է արձանագրվել: Նոյեմբերի 11-ին այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը:
Նրա ասելով, սկսած հոկտեմբերի 17-ից, էներգահամակարգում տեղի են ունեցել լուրջ կառուցվածքային փոփոխություններ: Անցկացվել են բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի բարեփոխումներ, ինչպես նաև լրջորեն վերանայվել են կառավարման նկատմամբ մոտեցումները, նշել է Գրիգորյանը: «Կատարված աշխատանքի արդյունքում նախորդ ամսվա արդյունքներն ամփոփելիս արձանագրվել է էներգահամակարգի կորուստների կրճատման միտում», - հայտարարել է ՀԷՑ տեխնիկական տնօրենը, հավելելով, որ թվերը կներկայացվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԷՑ ընկերության ձեռք բերման առնչությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես էր հայտարարությամբ, որում ներկայացրել էր ՀԷՑ բարեփոխումների ռազմավարությունը սեփականատիրոջ փոփոխությունից հետո: «Նախևառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում: Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք Ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից», - հայտարարել էր Սամվել Կարապետյանը:
2015 թվականի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «'Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր էին ստորագրել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։


