


Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատվիրակության կազմում վարչապետին կուղեկցի Վաշինգտոն: Այդ մասին սոցցանցում հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Այսօր ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաստատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վաշինգտոն, որտեղ նա երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
Միեւնույն ժամանակ, ինչպես այսօր հաղորդել է The Washington Post թերթը, վկայակոչելով Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաների, հնարավոր է, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների և Թրամփի հանդիպման ընթացքում հայտարարվի Երեւանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի մասին:



