


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարել Ռուսաստանի ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ վարել հայկական կողմի հետ և պայմանավորվածության հասնելուն պես Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը` թույլ տալով կառավարության հավանությանն արժանացած դրա նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ», - նշված է Պուտինի կարգադրությունում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման շուրջ համաձայնագրին: Փաստաթուղթը ներկայացվել էր Ռուսաստանի նախագահի ստորագրությանը, ով ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարել էր 2013 թվականի նոյեմբերին:
Ռուսաստանի հետ Հայաստանի ՀՕՊ միավորված համակարգը, գործնականում, արդեն գործում է` հաշվի առնելով ռուսական «Ս-300» համակարգերի և «ՄԻԳ-29» ինքնաթիռների զուգորդումը Հայաստանի ՀՕՊ համակարգի, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի միացյալ հրամանատարության կառավարման համակարգերի հետ:



