
Արմինֆո. Ուրբաթ՝ օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ ձգտելով հասնել խաղաղության համաձայնագրի երկու երկրների միջև, որոնք գտնվում են բազմամյա հակամարտության մեջ: Այդ մասին հաղորդում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաների:
"Այդ հանդիպումը նախագահի ջանքերի հերթական օրինակն է՝ ուղղված միջազգային հակամարտությունների դադարեցմանը և այդ ջանքերի համար ճանաչում ստանալուն", - նշել է թերթը:
Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ, հնարավոր է, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարվի այդ երկրների ղեկավարների և Թրամփի հանդիպման ընթացքում:
«Երկու երկրների ղեկավարները հանդիպել են անցյալ ամիս Արաբական Միացյալ Էմիրություններում ՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար, սակայն որոշում կայացնելու մասին չի հայտարարվել ՝ չնայած տարեսկզբին պաշտոնական անձանց կողմից նախնական համաձայնագրի մշակման մասին հայտարարություններին:
Նախկին խորհրդային երկու տարածքները թշնամացել են վերջին մի քանի տասնամյակներին՝ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից և անցել Հայաստանի կառավարման ներքո։ Տարածաշրջանն առավելապես հայկական էր՝ մինչ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զորքերի կողմից այն վերահսկողության տակ վերցնելը, ինչը հանգեցրեց բազմաթիվ էթնիկ հայերի փախուստի: Իր ընտրությունների նախաշեմին Թրամփը Truth Social-ի հոկտեմբերյան գրառման մեջ խոստացել էր "պաշտպանել հալածվող քրիստոնյաներին" եւ քննադատել է իր ընդդիմախոս Քամալա Հարիսին՝ այն բանի համար, որ նա "ոչինչ չի արել, երբ 120 000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների են ենթարկվել եւ բռնի տեղահանվել": Թրամփը հայտարարել է, որ "կաշխատի բռնությանը եւ էթնիկ զտումներին վերջ տալու ուղղությամբ, եւ մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ", - հիշեցնում է հոդվածի հեղինակ Նատալի Էլիսոնը:
Նա նաեւ հիշեցնում է, որ նախագահ Թրամփը Խաղաղության նոբելյան մրցանակի է առաջադրվել մի քանի համաշխարհային առաջնորդների կողմից ՝ "Թրամփի խաղաղարար ջանքերը նշելու, ինչպես նաեւ նրա բարեհաճությունը շահելու համար": Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնումը նախատեսվում է դեկտեմբերին։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաստատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վաշինգտոն, որտեղ նա երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
«Երբեք Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ չի եղել: Կոնգո և Ռուանդա, Թաիլանդ և Կամբոջա, Պակիստան և Հնդկաստան: Իսկ շուտով՝ նաև Ադրբեջանը և Հայաստան։ Նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի»,- նախօրեին գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը՝ X-ում: