


Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է Նոբելյան մրցանակի արժանի խաղաղարար, ով շուտով խաղաղություն կբերի նաև Հայաստանին և Ադրբեջանին:
«Երբեք Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ չի եղել: Կոնգո և Ռուանդա, Թաիլանդ և Կամբոջա, Պակիստան և Հնդկաստան: Իսկ շուտով՝ նաև Ադրբեջան և Հայաստան։ Նա արժանի է Խաղաղության նոբելյան մրցանակի»,- գրել է նա X-ում:
Նախօրեին ադրբեջանական "Թուրան" գործակալության նախկին թղթակից, Վաշինգտոնում բնակվող Ալեքս Ռաուֆօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության հասնելու իրենց մտադրության մասին: "Աղբյուրների տվյալներով ՝ սպասվում է, որ ուրբաթ օրը Թրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին", - գրել էր նա սոցցանցում: Middle East Eye (MEE)-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ տարածաշրջանային աղբյուրներին, հայտարարել է ուրբաթ օրը Վաշինգտոնում Երևանի և Բաքվի կողմից Փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին: "Սպասվում է, որ երկու առաջնորդները կստորագրեն «մտադրությունների մասին նամակ», այլ ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծը, ինչը Թրամփի համար կապահովի դիվանագիտական նվաճում, որին նա ձգտում է տարածաշրջանում անցյալ ամսվանից", - ասվում է հրապարակման մեջ:



