


Արմինֆո. Հայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։ Այդ մասին հաղորդել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան։
«Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել», - նշել են աշխատակազմից։
Նշվում է, որ նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, եւ տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։
«Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որեւէ հաղորդագրություն չենք հրապարակել եւ հետեւաբար այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո»,- եզրափակել են ՀՀ վարչապետի աշխատակազմում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական Turan գործակալության նախկին թղթակից, Վաշինգտոնում բնակվող Ալեքս Ռաուֆօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության հասնելու իրենց մտադրության մասին: "Աղբյուրների տվյալներով ՝ սպասվում է, որ ուրբաթ օրը Թրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին", - գրել է նա սոցցանցում:
Ավելի վաղ՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը: "Հայաստան, Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել, եւ այն (խաղաղության համաձայնագիրը - խմբ.) արդեն մոտ է նպատակին", - ասել էր Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ, նրա ելույթը հեռարձակել էին ամերիկյան հեռուստաալիքները:



