


Արմինֆո. Բաքուն և Երևանը պատրաստ են այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու մտադրության մասին: Այդ մասին X-ում գրել է Վաշինգտոնում Կովկասի հարցերով լրագրող Ալեքս Ռաֆօղլուն՝ վկայակոչելով "բազմաթիվ աղբյուրներ"։
«Աղբյուրների տվյալներով՝ ակնկալվում է, որ ուրբաթ օրը Թրամփը (ԱՄՆ նախագահ) Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին», - գրել է նա։
ԱրմԻնֆո-ին առայժմ չի հաջողվել կապ հաստատել վարչապետի մամուլի քարտուղարի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Հաստատվել է, որ երկկողմ բանակցությունները կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերի քննարկման ամենաարդյունավետ ձևաչափն է, և դրա հիման վրա որոշվել է շարունակել արդյունքին միտված նման երկխոսությունը:
Հուլիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը: "Հայաստան, Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել, եւ այն (խաղաղության համաձայնագիրը - խմբ.) արդեն մոտ է նպատակին", - ասել Էր Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ. նրա ելույթը հեռարձակել էին ամերիկյան հեռուստաալիքները:



