


Արմինֆո. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով հունիսի 29-ին կալանավորվել է իշխանությունը զավթելուն և ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված կոչեր անելու մեղադրանքով, բանտից ուղերձ է հղել, որը հրապարակել է նրա փաստաբանների թիմը:
«Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ... Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է:
Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով:
Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում ... Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան (ապաշխարության ակտ, հաճախ՝ կամքին հակառակ կամ հարկադրված - խմբ.)՝ լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, զի Աստուած ընդ մեզ է…», - ասվում է նամակում։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը: Ավելի վաղ արքեպիսկոպոսի փաստաբանները միջնորդել էին կամ վերացնել կալանքը, կամ այլընտրանքային խափանման միջոց կիրառել Աջապահյանի նկատմամբ:



