Ռուսաստանը սատարում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին Հայաստանի հակվածությունը: Այս մասին նոյեմբերի 9-ին Երևանում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք համոզված ենք, որ հետագայում նույնպես պետք է աջակցել կողմերին` կարգավորման փոխադարձ ընդունելի և կոնսենսուսային հիմքեր մշակելու հարցում: Դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, որը գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերահսկողության ներքո: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի անդամ, որն արժանացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը, կշարունակի իր ակտիվ դերակատարությունը, որպեսզի նպաստի դրական արդյունքի ձեռքբերմանը»,-ընդգծել է Լավրովը:
Նա նաև հավելել է, որ երկու երկրների համար այս դժվարին պահին կարևոր է փոխադարձ համերաշխույթունը և աջակցությունը:
«Վստահ եմ, որ գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերում մեր երկրները կարող են ամուր հույսեր կապել միմյանց հետ, իսկ այսօրվա հանդիպումների գլխավոր նշանակությունը, իմ կարծիքով, երկկողմ և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կոնսենսուսի առկայությունն է»,-նշել է Լավրովը:
Իր հերթին, Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: «Կարծում եմ, որ մենք կլշարունակենք աշխատանքներն այդ ուղղությամբ»,-եզրափակել է ՀՀ արտգործնախարարը: