
Արմինֆո. Վաղուց զարմանալի չէ, որ իշխանական այս խմբակը 7 տարիների ընթացքում ժամ առ ժամ կարողանում է կատարելագործվել միայն ստելու և մանիպուլացնելու հարցում։ Սրանք քանի դեռ հանրային տրամադրություններ են չափում Վարդավառին միմյանց վրա ջուր ցողել-չցողելով, և մարդկանց լավ ապրելը որոշում են Սևանի ափեր այցելությունների քանակով, տնտեսությունն ու արտահանումը շարունակում են անկում գրանցել։ "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այդպես է մեկնաբանել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման հարցը լուծվել է։
«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբության էջում ուրախությամբ հայտնում է, թե կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է` հավելելով, որ օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից դուրս են եկել շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։
Մինչդեռ, ստանում ենք մտահոգիչ տեղեկություններ, որ պայմանավորված իրավիճակով՝ տնտեսվարողներն էականորեն կրճատել են արտադրանքի և արտահանման ծավալները։
Վերջերս կոնյակ արտադրող ընկերության ներկայացուցիչներից մեկից տեղեկացա, որ եթե նախկինում ամեն օր սահման էր ուղարկվում կոնյակով բեռնված 1 բեռնատար, այժմ նույն քանակությամբ բեռնատար է ուղարկվում 1 ամսվա ընթացքում։
Կոնյակագործներին համբերատարություն մաղթող նախարարը Գեզի մաքսակետից դուրս եկող մեքենաների վիճակագրությունը ներկայացնում է որպես հայկական կոնյակի պատշաճ որակի վկայություն, այն դեպքում, երբ Վրաստանը՝ հանդիսանալով տարանցիկ պետություն, չունի որևէ իրավասություն փորձաքննության ենթարկելու մեր արտադրանքը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից ևս պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ ունենք կոնյակի և ալկոհոլային խմիչքների արտահանման նվազում։
Հավելենք, որ այդպես էլ պատկան մարմինների կողմից չտրվեց լիարժեք պարզաբանում, թե ի՞նչն է հանգեցրել վրացական կողմին՝ ամիսներ շարունակ խոչընդոտելու հայկական կոնյակի արտահանումը ՌԴ։
Խայտառակ իրավիճակ է նաև հեղուկ գազի ոլորտում։ Մինչ խոչընդոտվում է վրացական անցակետում Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող հարյուրավոր բեռնատարների մուտքը Հայաստան, ականատեսն ենք լինում դրա օր օրի թանկացմանը։
Սա չափազանց վատ միտում է, որի հետևանքները մեր տնտեսության վրա թողնելու են անդառնալի հետևանքներ։
Արդեն իսկ ունենք վիճակագրություն, որի համաձայն՝ արդյունաբերական արտադրությունը 2025 թվականի առաջին կեսին նվազել է 12%-ով, իսկ արտաքին առևտուրը՝ 45%-ով», - գրել է ընդդիմադիրը։
Նշենք, որ երեք ամիս հայկական կոնյակ արտադրողները և արտահանողները բախվում էին արհեստական խոչընդոտների, որոնք վրացական կողմը ստեղծում էր երրորդ երկրների շուկաներ կոնյակ մատակարարող հայ արտադրողների համար: Կոնյակով բեռնված տասնյակ հայկական բեռնատարներ շաբաթներ շարունակ կանգնած էին վրացական մաքսատանը։ Զննման ձգձգումների պատճառով հայ արտահանողները ֆինանսական մեծ վնասներ են կրել։ Հարցը մասամբ լուծվել է ընթացիկ տարվա հունիսի վերջին հայկական պատվիրակության Թբիլիսի կատարած այցից հետո։
Ինչպես այն ժամանակ հաղորդում էր ejc.am-ը, հղում անելով ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանին, հայ-վրացական սահմանով հայկական կոնյակի արտահանման սահմանափակումները բավական "սովորական" բացատրություն ունեին: "Որոշ տվյալներով ՝ առանձին պաշտոնյաներ ցանկանում են որոշակի վերահսկողություն սահմանել հայկական կոնյակի դիստրիբուցիայի նկատմամբ ։ Այսինքն, փոխարենը, որ հայ արտադրողներն իրենք Վրաստանի տարածքով կոնյակ արտահանեն Ռուսաստան, վրացիների կողմից վերահսկվող ընկերությունները գնեին այդ կոնյակը եւ վերաարտահանեին այն ՝ ստանալով որոշակի միջնորդավճար", - նշում էր այն ժամանակ Ֆանյանը։