
Արմինֆո. Հուլիսի 29-ին ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ՝ ուղեկցությամբ Կենտրոնական վարչության անդամների։
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, այդ առիթով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է մարզախաղերի մասնակիցների օրհնության կարգ։
Արարողության ավարտին Նորին սրբությունն իր հայրական պատգամն ու բարեմաղթանքներն է բերել հայորդիներին, գոհունակություն հայտնելով, որ ավանդական դարձած մարզախաղերի առիթով աշխարհի տարբեր կողմերից համախմբվել են հայրենիքում՝ մրցապայքարում դրսևորելու իրենց հմտություններն ու կարողությունները, միաժամանակ ճանաչելու և բարեկամանալու միմյանց հետ։
«Խիստ կարևոր է երիտասարդներիդ մասնակցությունը նման վարժանքներին ու մրցույթներին, որոնք միջոց են զորանալու մարմնով և հետևողական աշխատանքով, տոկունությամբ ու ոգու ամրությամբ արձանագրելու ապագա հաղթանակներ։
Վարժանքներն ու մրցույթները միջոց են նաև զորանալու հոգով՝ Աստծուն ապավինած դիմակայելու բոլոր փորձություններին ու դժվարություններին և աննկուն ընթանալու դեպի հաղթություն։
Ուստի, պարբերաբար կազմակերպվող նման միջոցառումները իրենց նշանակությամբ և առաքելությամբ ավելին են, քան սոսկ մարզական մրցույթներ»,- նշել է Հայոց հայրապետը։
Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած բազմաթիվ դժվարություններին ու խնդիրներին՝ Նորին սրբությունն ընդգծել է, որ արցախյան պատերազմի հետևանքով հայրենի երկիրը տակավին դիմագրավում է լրջագույն անվտանգային մարտահրավերներ, կարիքի մեջ է տեղահանված արցախահայությունը, ներհասարակական կյանքում խորանում են անհամերաշխությունն ու անհանդուրժողությունը, գերակշռող են և խորապես անհանգստացնող ապագայի անորոշության զգացումները։
«Հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի, և համախումբ ջանքերով պիտի թույլ չտանք, որ մեր կյանքում գերակայեն եղբայրատյացությունը, կեղծիքն ու չարագործությունները և խաթարվի ազգային միասնականությունը։ Հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում անգամ պետք չէ հուսահատվել և հիասթափություն ապրել։ Դուք, որ ծնվել ու հասակ եք առել աշխարհի տարբեր երկրներում, ինչպես և Հայաստանում ու Արցախում, պատասխանատվություն ունեք մեր ժողովրդի լուսեղեն գալիքի կերտման գործում՝ ձեր ուժերն ու կարողությունները ծառայեցնելու ի սեր ազգի ու հայրենիքի։
Նաև դուք առաքելություն ունեք ազգային միաբանությունն ամրապնդելու, Հայաստան-Սփյուռք կապերն անսասան պահպանելու և նորովի արդյունավորելու։ Այս հանձնառության բարեհաջող իրագործման համար առանձնակի կարևոր են ձեր հայրենաճանաչությունը, ազգային ինքնագիտակցությունը, հայոց պետականության ամրապնդման կամքն ու վճռականությունը և դարերով նվիրագործված մեր արժեհամակարգի անխաթար պահպանումը։ Դուք ապագան եք մեր հայրենիքի ու ազգի և երաշխիքը հայոց հարատևության, համընդհանուր մեր իղձերի ու երազանքների իրականացման։
Ձեր այցը հայրենիք կարևոր քաջալերանք է հայրենաբնակ մեր ժողովրդի, ձեզ հասակակից ձեր քույրերի ու եղբայրների համար», - ասել է Հայոց հովվապետը՝ հորդորելով երիտասարդ սկաուտներին իրենց հոգում մշտավառ պահել հայրենյաց սերը, ուժ առնել հարազատ հողից և բազմադարյա սրբություններից ու ներշնչվել մեր հայրերի հավատաշեն գործերից, հավատարիմ մնալ ազգային-հոգևոր արժեքներին, զորացնել իրենց սրտերում որդիական նվիրումն առ հայրենին, Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Իր խոսքում Նորին սրբությունը պատգամել է ուխատվորներին նաև անխախտ պահել իրենց ազգային ինքնությունը, հպարտանալ Հայոց պատմությամբ, նախնյաց կերտած ժառանգությամբ և հանուն արդարության, հանուն անկախ կյանքի հայ ժողովրդի մղած անդուլ պայքարի հզոր ոգով։
«Միշտ արիասիրտ կանգնեք ի պաշտպանություն մեր ժողովրդի իրավունքների և նրա արդար դատի։ Հայաստանում ձեր մեկտեղումի այս նշանակալի և անմոռանալի օրերը թող դառնան առիթ ոգեշնչումի ու հանձնառության՝ ձեր գիտելիքներով ու շնորհներով բոլորանվեր օգտակար ծառայություն բերելու ազգային կյանքում և նորանոր հաջողություններ արձանագրելու՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի», - հորդորել է Ամենայն հայոց հայրապետը՝ իր գնահատանքը բերելով մարզախաղերի կազմակերպիչներին և բոլոր պատասխանատուներին իրենց նվիրյալ և ազգօգուտ ծառայության համար:
Վերջում Նորին սրբությունը հայցել է Երկնավոր տիրոջը, որպեսզի հայորդիները ապրեն առողջ ու երջանիկ, լինեն արժանավոր զավակները մեր հայրերի և իրագործեն նրանց նվիրական տեսիլքներն ու երազանքները։