


Արմինֆո. 2025 թվականի առաջին կիսամյակում Սյունիքի մարզում դատախազական գործողությունների արդյունքում վերականգնվել է 51 հազար ԱՄՆ դոլարի վնաս, Լոռիում ՝ ավելի քան 14 մլն դրամի վնաս:
Ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Սյունիքի մարզում 2025 թվականի առաջին կիսամյակում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրություններով, մարզի դատախազների կողմից ներկայացված նախազգուշացումների հիման վրա՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 35 միլիոն 924 հազար դրամ:
Լոռու մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է 14 միլիոն 246 հազար դրամի վնաս: Նույն ժամանակահատվածում, պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 273 հազար դրամ:
Դեռևս օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերով բավարարված գումարի չափը կազմում է 41 միլիոն 679 հազար դրամ:



