
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում:
Ինչպես հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, Անկարա ժամանելուն պես Տոկաևը օդանավակայանում կարճատև զրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
"Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հյուրընկալության համար։ Ինձ համար մեծ պատիվ է, որ Դուք հատուկ ժամանել եք օդանավակայան՝ հանդիպման։ Մեր երկրների միջև ոչ մի հակասություն չկա։ Մեզ կապում են ոչ միայն բարեկամությունը, այլև՝ արդյունավետ համագործակցությունը։ Վաղը մենք կարևոր բանակցություններ կունենանք",- ասել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը։
Այսօր Անկարայում Ղազախստանի ղեկավարն արդեն մի շարք բանակցություններ է անցկացրել՝ ուղղված թուրք-ղազախական ընդլայնված ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը:
Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության համաձայն՝ Տոկաևն Անկարայում s Sistem Lojistik ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Հուսեյն Բարլինի հետ քննարկել է լոգիստիկայի ոլորտում ընկերության հետ փոխշահավետ և երկարաժամկետ գործընկերության հաստատման հեռանկարները:
S Sistem Lojistik-ը լոգիստիկայի ոլորտում թուրքական առաջատար նորարարական կազմակերպություն է: Այն կառավարում է 100 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պահեստների ցանց՝ Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի և Անթալիայի օդանավակայաններում, ինչպես նաև այլ վայրերում:
Երկրի ղեկավարը նշել է, որ աշխատանք է սկսվել Միջին միջանցքի համալիր զարգացման ուղղությամբ՝ Ղազախստանը Եվրասիայում առաջատար տարանցիկ հանգույց դարձնելու նպատակով:
Տոկաևը նաև աջակցել է S Sistem Lojistik-ի՝ Ակտոբեի միջազգային օդանավակայանում լոգիստիկ կենտրոն ստեղծելու նախաձեռնությանը: Նախագիծն իրականացվում է "Կազպոչտա" ԲԸ հետ համատեղ: Նախագահը կարևորել է լոգիստիկ ենթակառուցվածքների համալիր զարգացումը, ինչը թույլ կտա կրճատել տարանցման ժամկետները և բարելավել արտահանման հնարավորությունները:
Իր հերթին՝ Բարլինը պատմել է նախագծի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին, նշելով, որ ապագայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր բիզնեսը Աստանայում, Ալմաթիում, Շիմքենտում և Ակտաուում:
Նույն օրը Տոկաևն ընդունել է YDA Holding-ի վարչության նախագահ Հուսեյն Արսլանին, տեղեկատվություն է ստացել Ղազախստանում YDA Holding-ի ներդրումային գործունեության մասին:
Արսլանը նախագահին պատմել է Ակտաուում մուլտիմոդալ տարանցիկ հանգույց ստեղծելու ընկերության ծրագրերի մասին: Բացի այդ, նա տեղեկացրել է, որ դիվերսիֆիկացված թուրքական խումբն աշխատում է Թուրքեստանում, Աստանայում և Պետրոպավլովսկում բազմապրոֆիլ հիվանդանոցների կառուցման և շահագործման երեք նախագծերի վրա: Շուտով ընկերությունը նախատեսում է սկսել YDA Industrial Park բազմապրոֆիլ արտադրության ընդլայնումը, ինչպես նաև Աստանայում սենդվիչ-պանելների արտադրության գործարանի կառուցումը։
Ղազախստանի նախագահն ընդունել է նաև Tiryaki Holding-ի գլխավոր գործադիր տնօրեն Սուլեյման Տիրյակիօղլուին: Ընկերությունը հացահատիկի և կերերի արտադրության և արտահանման համաշխարհային առաջատարներից է:
Հանդիպմանը քննարկվել են ագրոարդյունաբերական հատվածում փոխշահավետ և երկարաժամկետ գործընկերության հարցեր, ինչպես նաև քննարկվել են ղազախական ագրարային արտադրանքի փոխադրման համար արդյունավետ լոգիստիկայի մշակման, պահեստային ենթակառուցվածքների թվայնացման և էլեւատորների արդիականացման հարցեր:
Ղազախստանի նախագահը ողջունել է Աստանայում ցորենի և ոլոռի խորը վերամշակման գործարան կառուցելու ընկերության որոշումը:
Տիրյակիօղլուն նշել է, որ այդ նախագիծը կնպաստի երկրի վերամշակող արդյունաբերության զարգացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և տեղի մասնագետների որակավորման բարձրացմանը: