Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ կամ բանաձևեր հրապարակելուց առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կամ այլ կառույց պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ ՄԽ հետ: Այդ մասին իր Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնելով բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի ՙԲռնության աճ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում՚ զեկույցին, որն ընդգրկվել է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում:
Մինչդեռ ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, Ուորլիքն իբր ողջունել է այդ զեկույցը: «Մենք ընթերցել ենք ԵԽԽՎ-ի բանաձևի նախագիծը և ողջունելու ենք ԵԽԽՎ զեկուցողների և շահագրգիռ անդամների հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին առնչվող մոտեցման հետ կապված խորհրդատվությունների անցկացման հնարավորությունը՚,- ասել է Ուորլիքը:
Նա նշել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ է աշխատել ցանկացած կազմակերպության հետ՝ օգնելու հակամարտության կարգավորման երկարաժամկետ ճանապարհ գտնել: «Կարևոր է նաև հաշվի առնել, որ կողմերն ընդունում են Մինսկի խմբի ձևաչափը, և համանախագահները շարունակելու են միջնորդական ջանքերը՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժ չգործադրելու սկզբունքների հիման վրա՚,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի ՙԲռնության աճ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում՚ զեկույցն ընդգրկվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանի օրակարգում: Նման որոշում է կայացվել է ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստում` 26 ՙկողմ՚, 10 ՙդեմ՚ ձայնով, չորս պատվիրակ ձեռնպահ է մնացել: Այդպիսով՝ հայկական պատվիրակության ջանքերն ապարդյուն են անցել: Ավելի վաղ հայկական պատվիրակությունը բազմիցս իր վրդովմունքն էր հայտնել՝ կապված զեկույցում տեղ գտած սուբյեկտիվ ձևակերպումների հետ: Հայ պատվիրակները նաև կոչ են արել ԵԽԽՎ-ին ընդհանրապես չանդրադառնալ ղարաբաղյան խնդրին, քանի որ դրա համար գոյություն ունի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, և դրանից դուրս ցանկացած քննարկում կարող է խոչընդոտել միջնորդների աշխատանքին: Սակայն, հայկական կողմի փաստարկները հաշվի չեն առնվել: Ավելի վաղ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները հայտարարել են, որ զեկույցի ընդունման դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկեն, չճշտելով, թե` ինչպիսի: