
Արմինֆո. Ֆրանսիայի Ազգային ժողովում առաջարկ է ներկայացվել ընդունելու բանաձև, որն ուղղված է աջակցելու Ադրբեջանի հետ խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ ռազմավարական գործընկերություն հաստատելու և Ադրբեջանում պահվող Արցախի քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչի ճանապարհով:
Առաջարկը Ֆրանսիայի օրենսդիր մարմնում քննարկման է ներկայացվել հուլիսի 22-ին: Առաջարկին կից պարզաբանման մեջ նշվում է, որ 2023 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունը վճռականորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում՝ հավատարիմ մնալով միջազգային իրավունքին և անկեղծորեն ձգտելով տարածաշրջանային հաշտեցման։
Ընդ որում, ընդգծվում է, որ չնայած դրան, պահպանվում են բազմաթիվ մտավախություններ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչության վիճակի եւ, առավել եւս, այդ տարածաշրջանի նախկին քաղաքական, ռազմական եւ քաղաքացիական առաջնորդների վերաբերյալ, որոնք ներկայումս կալանավորված են Ադրբեջանում՝ առանց արդար դատաքննության երաշխիքների, խախտելով Ժնեւի կոնվենցիան եւ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները:
«Այս համատեքստում Ֆրանսիան կոչված է պատմական և քաղաքական դերակատարություն ունենալու ՝ լինելով Հայաստանի բարեկամը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ և Եվրոպական հարևանության քաղաքականության ակտիվ մասնակից: Նրա պարտականությունն է աջակցել Հայաստանի խաղաղ ջանքերին և նպաստել նրա հետ ռազմավարական գործընկերությանը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, անվտանգության և զարգացման վրա։
Անհրաժեշտ է նաև վճռականորեն հանդես գալ Արցախի քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման օգտին, որոնց կամայական կալանավորումը երկարացնում է տարածաշրջանում ցավի և անարդարության ցիկլը», - ասվում է պարզաբանման մեջ:
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում այդ հայ բանտարկյալների դատավարության առնչությամբ, Հայաստանի գոյության ժխտման համակարգված քաղաքականություն վարելու Ադրբեջանի ձգտման մի մասն է: "Սա Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության ոչնչացման, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման քաղաքականության շարունակությունն է", - ասվում է տեքստում:
Այդ առնչությամբ առաջարկված բանաձևում կոչ է հնչում Ֆրանսիայի կառավարությանը և Եվրամիությանը' ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ' Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու և Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու նպատակով: Այն նաև պահանջում է Ֆրանսիայի կառավարությունից մոտ ժամանակներս լրամշակել և ստորագրել Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը, ինչպես նաև պահանջում է ԵՄ-ից ավելացնել Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական, գիտական և մշակութային համագործակցության ծավալները: