
Արմինֆո. Մոսկվան Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին միջամտելու Վաշինգտոնի փորձեր է տեսնում։ Այդ մասին հուլիսի 24-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Ամերիկացիներն ուղղակիորեն ասում են, որ իրենք, իբր, հարցի եզակի լուծում ունեն։ Սակայն, իրականում, նրանք չեն կարող առաջարկել ոչ մի նոր բան, բացի այն, ինչ արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Համապատասխանաբար՝ այստեղ էլ խորամանկություն է", - ընդգծել է նա ՝ անդրադառնալով ամերիկյան միջնորդության մասին խոսակցություններին։
Ընդհանուր առմամբ, խոսելով արևմտյան միջնորդական ջանքերի մասին, Զախարովան համոզմունք է հայտնել, որ արևմտյան մայրաքաղաքներից ստացված ազդակները պետք է դիտարկել այլ տեսանկյունից: "Բառերով ամեն ինչ, կարծես, հարթ է։ Բայց պետք է տեսնել էությունը։ Իսկ էությունը հետևյալն է. լավ մտադրությունների տակ թաքնված է զուտ անձնական կոնյունկտուրային խնդիր. հայ - ադրբեջանական կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային չափումից, երբ հարավկովկասյան երկու հանրապետությունները փորձում են հասնննել կառուցողական, կոնսենսուսային լուծումների ինքնուրույն ՝ մերձավոր հարևանների աջակցությամբ",- նշել է ռուս դիվանագետը։ Նրա խոսքով՝ արևմտամետները նպատակ ունեն հաշտեցման գործընթացը տեղափոխել իրենց ռելսերի վրա, որպեսզի քաղաքական միավորներ վաստակեն, թեև հայտնի է, թե սովորաբար ուր են տանում այդ ռելսերը։ "Իրականում դա կարող է հանգեցնել տարածաշրջանում անվտանգության համակարգի անհավասարակշռության, տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքի խաթարման, երբ Հարավային Կովկասի խնդիրների լուծմամբ զբաղվում են անմիջապես նրանց սահմանակից երկրները", - շարունակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նաև հիշեցրել է, որ Մոսկվան բազմիցս կրկնել է, որ շահագրգռված է կայուն, անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասով: Զախարովան հավելել է, որ դրա համար անհրաժեշտ պայմաններից մեկը Բաքվի և Երևանի երկար սպասված հաշտեցումն է: Այդ համատեքստում նա նշել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում ռուսական կողմի ունեցած ավանդի մասին։
"Որոշակի պահի Բաքուն և Երևանը նախընտրել են ուղիղ երկխոսությունը։ Մենք հարգում ենք այդ ընտրությունը։ Այնուամենայնիվ, խոսքն այն մասին է, որ նրանք ստիպված կլինեն պայմանավորվել և ապրել հարևանությամբ, միմյանց կողքին ։ Այդ պատճառով, եթե գտել են ուղիղ երկխոսության միջոց, այո, դա նրանց ընտրությունն է", - ասել է ռուս դիվանագետը։ Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմը հայտարարել է նաև կարգավորման օրակարգի ողջ սպեկտրում պահանջված աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ Մոսկվան նաև պատրաստ էր հարթակ տրամադրել խորհրդակցությունների, խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Ավելի վաղ իսպանական Periodista Digital առցանց պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ն արդեն համաձայնեցրել են Սյունիքով միջանցք ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիրը, որը փաստաթղթում նշվում է որպես "Թրամփի կամուրջ":
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է կառավարել Իրանի սահմանի մոտ գտնվող տրանսպորտային միջանցքը ՝ փորձելով առաջ մղել Բաքվի և Երևանի բանակցությունները: Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանը Նախիջեւանի ինքնավարության հետ կապող իր տարածքի վերահսկողությունը երրորդ կողմի փոխանցելու հնարավորությունը:
Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, Զանգեզուրի տրանսպորտային միջանցք անցկացնել, որպեսզի իր հիմնական տարածքը Նախիջևանի հետ կապվի Սյունիքով։ Երևանում համաձայն չեն միջանցքի գաղափարին և պատրաստ են Ադրբեջանի համար բացել Հայաստանի ինքնիշխանության տակ գտնվող ճանապարհը։ 2024 թվականի օգոստոսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կողմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և Հայաստանի Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակմանը ։