


Արմինֆո. Սյունիքով միջանցքի հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ իսպանական Periodista Digital առցանց պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, թե Հայաստանը, Ադրբեջանը և ԱՄՆ-ն արդեն համաձայնեցրել են Հայաստանի Սյունիքի մարզով միջանցք ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիրը, որը փաստաթղթում նշվում է որպես "Թրամփի կամուրջ":
"Դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Մենք ցանկանում ենք եւ Բաքվին, եւ Երեւանին որքան հնարավոր է շուտ հասնել պայմանագրի ստորագրման", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ ասել է Պեսկովը լրագրողներին:
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը պատրաստ է կառավարել Իրանի սահմանի մոտ գտնվող տրանսպորտային միջանցքը՝ փորձելով առաջ մղել Բաքվի և Երևանի բանակցությունները: Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանը Նախիջեւանի ինքնավարության հետ կապող իր տարածքի վերահսկողությունը երրորդ կողմին փոխանցելու հնարավորությունը:
Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի անցկացումը՝ իր հիմնական տարածքը Սյունիքով Նախիջևանի հետ կապելու նպատակով։ Երևանում համաձայն չեն միջանցքի գաղափարին և պատրաստ են Ադրբեջանի համար բացել Հայաստանի ինքնիշխանության տակ գտնվող ճանապարհ։ 2024 թվականի օգոստոսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կողմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և Հայաստանի Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակմանը։



