
Թուրքիայի հայ համայնքին ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում այդ երկրում ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, ամենայն հավանականությամբ, ժառանգականության գիծը կպահպանվի, սակայն Երևանի նկատմամբ Անկարայի քաղաքականությունում դրական տեղաշարժեր նույնպես չարժե ակնկալել: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, Ռուսաստանի հումանիտար համալսարանի հետխորհրդային երկրների ամբիոնի վարիչի տեղակալ Ալեքսանդր Գուշչինը:
«Իհրակե, հայ համայնքն այնքան բազմամարդ չէ, և նախընտրական քարոզարշավի շրջանում նրան սիրաշահելը ռազմավարական կարևորություն չի ներկայացնում, սակայն, այդուհանդերձ, խորհդրարանում բացարձակ մեծամասնության բացակայության պայմաններում Էրդողանն ստիպված էր հաշվի առնել ինչպես ընդդիմությանը, այնպես էլ ազգային փոքրամասնություններին: Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններն առայժմ կտրուկ չեն փոխվի, դրանց բնույթը կպահպանվի: Այժմ Թուրքիայի համար դա առաջնահերթ հարց չէ, առավել ևս, Մոսկվայի հետ լարված հարաբերությունների պայմաններում հազիվ թե հարկ լինի խոսել Հայաստանի հետ հարաբերություններում ինչ-որ բեկման հնարավորության մասին», - նշել է քաղաքագետը:
Ընդ որում նա հավելել է, որ Էրդողանի, ավելի շուտ, նրա կուսակցության հաղթանակը, որը պաշտոնապես գլխավորում է վարչապետ Դավութօղլուն, բավականին անսպասելի էր: Փորձագետը կարծում է, որ քչերն էին սպասում ձայների այդպիսի առավելություն:
«Ընտրարշավի քայլն, ընդհանրապես, դիտարկվում էր որպես ռիսկային Էրդողանի համար, շատ փորձագետներ կարծում էին, որ նախագահը դիմել է ծայահեղ քայլի, սակայն պետք է խոստովանել, որ քաղաքական հոտառությունն այս անգամ էլ նրան չդավաճանեց: Հաղթանակի պատճառները, նախևառաջ, առնչում են այն հանգամանքին, որ օրակարգը լիովին կենտրոնացված էր անվտանգության հարցերի վրա: Տնտեսության բացասական գործոնները մղվել էին երկրորդ պլան, իսկ Էրդողանն ընկալվլում է որպես առաջնորդ, որն իրոք կարող է երկիրը պաշտպանել քրդական սպառնալիքից և մի շարք այլ մարտահրավերներից, և դա ցույց տվեցին նույնիսկ ընտրությունների արդյունքները միլիոնանոց քաղաքներում», - նշել է ռուսսատանցի քաղաքագետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ապահովեց Թուրքիայի ազգային մեծ ժողովում 317 տեղ` 550-ից, դրանով իսկ ստանալով միայնակ կառավարություն ձևավորելու հնարավորություն (անհրաժեշտ է 276 տեղ): Միևնույն ժամանակ, «Արդարություն և զարգացում» կուսակցությունն անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքել երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հաղթահարեց 10%-ի շեմը և խորհրդարան մտնելու հնարավորություն ստացավ, սակայն 21 մանդատով պակաս ստացավ, քան հունիսին կայացած ընտրություններում: «Ազգայնական շարժում» կուսակցությունը ստացավ ձայների ընդամենը 11.9%-ը: