ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևի նախագիծը: Ըստ «Թրենդի», այսօր այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք կարդացել ենք ԵԽԽՎ բանաձևի նախագիծը և կողջունենք Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների նկատմամբ մոտեցման առնչությամբ ԵԽԽՎ զեկուցողների և շահագրգիռ անդամների հետ խորհրդատվություններ անցկացնելու հնարավորությունը», - ասել է Ուորլիքը:
Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ է աշխատել ցանկացած կազմակերպության հետ` տևական հակամարտության կարգավորման ուղի գտնելուն աջակցելու նպատակով: «Կարևոր է նաև նկատի առնել, որ կողմերն ընդունում են Մինսկի խմբի ձևաչափը, և համանախագահները կշարունակեն միջնորդական ջանքերը հակամարտությունը տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա կարգավորելու նպատակով», - ասել է նա:
Նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևի նախագծին: Այդպիսով, չնայած հայկական կողմի առարկություններին, փաստաթուղթը ներառվել է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում: