
Արմինֆո. Հայ քաղաքագետ Վահե Դավթյանն անհիմն է համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումները Սյունիքով անցնող երթուղու թողունակության մասին:
"Ալիևը, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" պոտենցիալ թողունակությունը գնահատել է 15 մլն տոննա։ Այդ բոլորովին չհիմնավորված, հաշվարկներով ոչ մի կերպ չհաստատված թիվը շրջանառվում է տեղեկատվական դաշտում մեկ նպատակով՝ արտաքին դերակատարներին ցույց տալ, որ Հայաստանի հարավով անցնող կոմունիկացիոն երթուղին ունի ոչ թե լոկալ, այլ, առնվազն, մակրոտարածաշրջանային նշանակություն", - նշել է փորձագետը։
Նրա համոզմամբ՝ ակնկալվող այս ցուցանիշի օբյեկտիվությունը գնահատելու համար տեղին է զուգահեռ անցկացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հետ, որն իսկապես տարածաշրջանային նշանակության առանցքային կոմունիկացիոն ենթակառուցվածք է և գործում է անհամեմատ ավելի կայուն և կանխատեսելի աշխարհաքաղաքական պայմաններում:
Դավթյանն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ 2017 թվականին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ունի տարեկան 6,5 մլն տոննա բեռ և 1 մլն ուղևոր թողունակություն:
"Եվ, նույնիսկ, դրա հետ մեկտեղ այսօր օգտագործվում է, լավագույն դեպքում, իր հզորության կեսը։ "Զանգեզուրի միջանցքը" կունենա զրոյական առևտրային արդյունավետություն։
Ակնհայտ է, որ նրա հիմնական նշանաակությունը անարգել ռազմական փոխադրումների ապահովումն է, Նախիջևանի ռազմականացումը, այնտեղ ռազմակայանի ձևավորումը, հակաիրանական պլացդարմի ստեղծումը և ռուսական ազդեցության թուլացումը։
Հենց այդ պատճառով էլ "միջանցքի" նկատմամբ այդքան ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում Վաշինգտոնը, Լոնդոնը եւ այդ "ուժի կենտրոններում" բնավ ոչ վերջին դերը խաղացող հրեական լոբբին", - ամփոփել է Դավթյանը։
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավի ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մինչդեռ, Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ պայմանավորվածությունների էությունը և ստանալ արտատարածքային միջանցք ։