
Արմինֆո. Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու և վերջինիս պաշտոնազրկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և ծրագրվող գործողությունները ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու նախապատրաստություն են։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարությունում:
«Մասնավորապես, այդ գործողություններով խոչընդոտվելու է Մայր Աթոռի բնականոն գործունեությունը: Այդ կոչերը պարունակում են բռնության գործադրման կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսին պատանդառելու, նրան հրաժարական պարտադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու քրեորեն պատժելի արարքներ։ Առ այդ, դիմում ենք հանրությանը՝ չտրվե´լ Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական և հակաիրավական սադրանքներին, չմասնակցե´լ նրա կողմից Վեհարան արշավելու ծրագրին, չդառնա´լ քրեական օրենսգրքով պատժելի համարվող խուլիգանության, զանգվածային անկարգությունների և այլ ծանր հանցագործությունների մասնակից։
Պահանջում ենք․
- ՀՀ գլխավոր դատախազից և քննչական մարմիններից՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ և նրան ներգրավել որպես մեղադրյալ,
– ՀՀ ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից՝ կանխարգելել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կողմից նախապատրաստվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ այդպիսով չդառնալով նման մասշտաբների անօրինականության մեղսակից։
Սիրելի´ հայրենակիցներ, ՀՀ քրեական օրենսդրության համաձայն, քաղաքացիները, ովքեր հանդես են գալիս նախապատրաստվող կամ իրականացվող ծանր հանցագործությունները կանխարգելելու դիրքերից՝ գործում են ՀՀ օրենսդրության համաձայն։
Դիմում ենք հավատավոր մեր ժողովրդին․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հայ ինքնության առանցքային հենասյունն է, որ դարեր շարունակ պահպանել է մեր ժողովրդի գոյությունը։
Հայոց եկեղեցու շնորհիվ 21-րդ դար հասած մեր ժողովուրդը չի´ կարող հանդուրժել եկեղեցու, նրա հովվապետի և հոգևորականաց դասի նկատմամբ Հայաստանի վարչապետի հակաօրինական արշավը, ուստի կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ուժայինները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու նպատակով մուտք էին գործել Մայր Աթոռում գտնվող կաթողիկոսի նստավայրի տարածք: Իրավապահների այդ գործողությունները հասարակական լայն արձագանք են գտել։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, որը մեկնարկել էր այս տարվա մայիսի վերջին, հայտարարել էր Ամենայն հայոց կաթողիկոսին գահից հեռացնելու գործընթացը ղեկավարելու պատրաստակամության մասին: Հուլիսի 7-ին հայկական ԶԼՄ-ներում սկսել է շրջանառվել տեղեկատվություն, որ առաջիկայում ուժայինները ևս մեկ հարձակում են ձեռնարկելու Հայ Առաքելական Եկեղեցու վրա: