
Արմինֆո. Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում։ Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀԱԵ դեմ Փաշինյանի հերթական գրառումներին:
«Անկասկած է, որ նա է կրում այդ անօրինական, եկեղեցահալած ու հակաքրիստոնեական արարքների և դրանց հետևանքների համար պատասխանատվությունը:
Ու քանի որ միայնակ չի կարողանա իրականացնել իր ապօրինի մտադրությունները, հավաքագրում է «համախոհներ» և հետո նրանց վրա էլ գցելու է մեղքն ու պատասխանատվությունը:
Նրա հետ ամեն ինչ պարզ է: Այս ամենը պետք է գիտակցեն իրավապահ ու պետական մյուս մարմինները` նրա անօրինական արարքների մասնակիցը չդառնալու համար: Առաջնահերթ, այս մարմիններին է նա փորձելու օգտագործել իր անօրինական մտադրությունների իրագործման համար», - գրել է Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ հուլիսի 19-ին վարչապետը կրկին Գարեգին Բ-ից պահանջել է ազատել Վեհարանը և խոստացել անհնազանդության դեպքում ինքնուրույն լուծել այդ հարցը: Ավելին, լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մի քանի տասնյակ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից կասկածելի հրամաններին չենթարկվելու համար, այդ թվում ՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակման առնչությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, թե հայկական եկեղեցիները "չուլանացված են"։ Հաջորդ օրը նա սուր գրառում էր կատարել սոցիալական ցանցում, որտեղ հայհոյախառն բառապաշար էր ՀԱԵ հոգևորականների հասցեին: Ընդ որում, վարչապետը պահանջել էր, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները, այդ թվում ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, կարգալույծ արվեն։ Այդ հայտարարությունները խիստ արձագանք էին գտել հոգևորականների շրջանում։ Սկանդալի ֆոնին վարչապետն առաջարկել էր փոխել ՀԱԵ ղեկավարի ընտրության կարգը, որպեսզի պետությունը որոշիչ ձայն ունենա ընտրություններում, իսկ թեկնածուները անցնեն էթիկայի ստուգում: Ավելի ուշ նա արդեն խոստացել էր կաթողիկոսին փոխել այնպես, ինչպես 2018 թվին արեց, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը ։