
Արմինֆո. Ադրբեջանական հատուկ ծառայությունները, գործարկելով իրենց համայնքը Ռուսաստանում, օգնել են ուկրաինական հատուկ ծառայություններին "Սարդոստայն" դիվերսիոն-ահաբեկչական գործողության իրականացման գործում: Այդ մասին հաղորդում է "Ցարգրադ" հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի ռեպորտաժում նշվում է, որ Ադրբեջանն այսօր դարձել է ոչ միայն Թուրքիայի արբանյակը և Ուկրաինայի դաշնակիցը ։ Ալիևը համագործակցության մեջ է մտել նաև Իսրայելի հետ։ Հենց Ադրբեջանն էր իր օդային տարածքը տրամադրում իսրայելական օդուժին՝ Իրանին հարվածելու համար։ Իրանական հատուկ ծառայություններն արդեն հիմա դրա հավաստի ապացույցն ունեն։
"Տարածաշրջանում որպես խաղացողի Հայաստանի նվաստացումն ու հեռացումը Հարավում Իրանի և Ռուսաստանի դեմ հետագա գործողությունների նախապատրաստման փուլերից մեկն է։ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը լավ է համապատասխանում այդ նպատակներին, քանի որ այն գտնվում է Իրանի և Ռուսաստանի միջև: Այս տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունեցող հիմնական խաղացողներն ու շահառուներն Իսրայելն ու Թուրքիան են: Իսրայելի գլխավոր շահն Իրանն է, Թուրքիայինը՝ Անդրկովկասի և ռուսական Կովկասի վրա իր ազդեցության ընդլայնումը։ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և թուլացնել նրա ազդեցությունը",- նշում է աղբյուրը։
Այնուհետև ընդգծվում է, որ Ադրբեջանն ակտիվորեն սկսել է համագործակցել ուկրաինական հատուկ ծառայությունների հետ։ "Եվ այժմ խոսքն այն մասին չէ, որ այս պահին Ադրբեջանում են գտնվում ոչ միայն ուկրաինական հետախուզական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլև՝ Ուկրաինայի զինված ուժերի և ՀԳՎ-ի ռազմական հրահանգիչները, այլ այն մասին, որ մեր հետախուզությանը հայտնի է դարձել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, գործարկելով Ռուսաստանում իրենց համայնքը, օգնել են ուկրաինական հատուկ ծառայություններին «Սարդոստայն» դիվերսիոն-ահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում": Այո, այո, հենց այն, որը վերջերս անցկացվել Է Ռուսաստանի տարածքում և նպատակ է ունեցել խոցել ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմավարական ավիացիան։ Հենց ադրբեջանական համայնքն է օգնել իրականացնել լոգիստիկան և ապրանքների փոխադրում՝ օգտագործելով իր բիզնես հնարավորությունները և շուկաների ու պահեստների ենթակառուցվածքը։ Ինչպես հասկանում եք, դա մի ամբողջ համակարգ է", - ասվում է Ցարգրադի ռեպորտաժում։
Նշվում է, որ հենց այդ պատճառով էլ ռուսական հատուկ ծառայություններն այժմ միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական համայնքը չեզոքացնելու ուղղությամբ: "Դրանք, բառիս բուն իմաստով, ադրբեջանական հատուկ ծառայությունների ռեզիդենտությունն են, որն այս պահին սերտորեն աշխատում է ուկրաինացիների հետ։ Ադրբեջանում մշտական հիմունքներով գտնվում են ՈՒԱԾ-ի, ՀԳՎ-ի և ԱՀԾ-ի ներկայացուցիչները ՝ հատուկ ծառայությունների միջև գործողությունները համակարգելու համար, և, ինչպես տեսնում ենք, համակարգումը տեղի է ունենում հենց Ռուսաստանի դեմ։
Վերն ասվածի անուղղակի հաստատումն այն է, որ Ադրբեջանը, բառիս բուն իմաստով, հիստերիայի մեջ ընկավ Ռուսաստանում ադրբեջանական համայնքի զտումներից հետո և լռեց, երբ Ուկրաինայում սպանեցին իրենց քաղաքացիներին։
Ընդհանուր առմամբ՝ հետեւությունն այն է, որ Ռուսաստանում համայնքները պետք է վերացվեն։ Ոչ մի համայնք չպետք է լինի։ Դրանք պետք է ջախջախվեն և արգելվեն օրենսդրական մակարդակով, քանի որ դա պետական անվտանգության խնդիր է։ Չպետք է լինեն ոչ ադրբեջանական, ոչ Ուզբեկական, ոչ էլ որևէ այլ համայնք։ Ռուսաստանը պատերազմական վիճակում է, և Ռուսաստանում չպետք է լինեն օտարերկրյա հատուկ ծառայությունների կենտրոնացված օրինական ռեզիդենտներ", - նշում է հեռուստաալիքը ։