


Արմինֆո. Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ: Համապատասխան որոշումն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
ՀԾԿՀ կայքում հրապարակված որոշման համաձայն, Պետրոսյանի նշանակմանը զուգընթաց հանձնաժողովի նախագահի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ցանցերի դեմ: Պետրոսյանի լիազորությունները կպահպանվեն մինչև վարչական վարույթի արդյունքների մասին ակտի ուժի մեջ մտնելը: Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախօրեին բողոք էր ներկայացրել ՀԾԿՀ ՝ էլեկտրացանցերի գործունեության վերաբերյալ։
Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանն ավելի վաղ ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժել էին ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակ, որը 2016 թվականից "Տաշիր" ընկերությունների խմբի կազմում է: "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Հետո ԱԺ օրակարգ բերվեց մի օրինագիծ, որով հիմք է դրվում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացման համար։



