
Արմինֆո. Չնայած կիզիչ արևին՝ վաղ առավոտից Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակը լի էր բազմությամբ: Հնչում էր Մեծ շանսոնյեի երաժշտությունը ՝ ստեղծելով պայծառ, մեծ և խորապես հուզիչ ինչ-որ բանի անկեղծ և անբացատրելի զգացողություն: Երևանցիները հավաքվել էին հրապարակում ՝ կիզիչ արևի տակ, որպեսզի ականատես լինեն Շառլ Ազնավուրի արձանի բացմանը, որի տեղադրման մասին քաղաքապետարանը հայտարարել էր դեռևս մեկուկես տարի առաջ:
Նշենք, որ շանսոնյեի քանդակը մարմնավորել է նրա բեմական կերպարներից մեկը՝ «Լա Բոհեմ» երգի կատարման պահը, որտեղ նրա ձեռքին սպիտակ թաշկինակ է, որը հեռանալիս նետում է հանդիսատեսին: Այս զգացմունքային և թատերական ժեստը որոշ իմաստով դարձավ Ազնավուրի այցեքարտը, հատկապես, ստեղծագործական կյանքի հետագա տարիներին: Արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը բացման արարողության ժամանակ պատմել է, որ առաջին բանը, որ իր մտքով անցել է, երբ հայտարարել են մրցույթի մասին, այն է, որ հուշարձանը չպետք է պատվանդան ունենա, իսկ Ազնավուրը պետք է "ճախրի": Այնուհետև ծնվել է թռիչքի այդ զգացումը La Boheme երգի հետ կապելու գաղափարը։
Հուշարձանն իսկապես զուրկ է ավանդական պատվանդանից. Ազնավուրի կերպարն ասես օդում է՝ ծափահարող ձեռքերի վրա: «Կարծում եմ, որ ինքը՝ Ազնավուրն, ըստ արժանվույն կգնահատեր այն, որ ես նրան պատկերել եմ հանդիսատեսի հետ միասին», - ասել է Մինասյանը ։ Խորհրդանշական համարելով այն, որ հուշարձանի ձուլումը տեղի է ունեցել Գյումրիում (Շառլ Ազնավուրը 1988 - ի ավերիչ երկրաշարժից հետո անձամբ է համակարգել Գյումրիի տուժած բնակիչներին օգնությունը-խմբ.), նա շնորհակալություն է հայտնել քանդակագործներ Պապոյան ընտանիքին, ովքեր օգնել են իրեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները որակով իրականացնել:
"Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, որը համաձայնել է ինձ մեկուկես տարի չտեսնել, և Շառլ Ազնավուրին, ով ինձ թույլ տվեց այս ամբողջ ընթացքում ընկերություն անել իր հետ", - ասել է քանդակի հեղինակը:
Բացման արարողությանը ներկա է եղել Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով կիսվել է հոր և այս հրապարակի հետ կապված անձնական և հուզիչ պատմությամբ: Նա պամել է, որ Երևան ժամանելիս շանսոնյեն միշտ ապրել է այնտեղ գտնվող հյուրանոցում և սիրել է պատուհանից նայել այդ հրապարակին, որը միշտ լի է եղել պատմություններով ու կյանքով: "Ինձ համար շատ հուզիչ է գիտակցել այն փաստը, որ Ազնավուրն այժմ հավերժ կմնա այստեղ ՝ այս հրապարակում", - ասել է Նիկոլան:
Նա նշել է, որ հայրը կրքոտ սիրահարված էր Հայաստանին, ինչը սահմանափակվել է ոչ միայն խոսքերով, այլ նաև արտացոլվել է նրա արարքներում ։ Շառլ Ազնավուրը, նրա որդու խոսքով, միջազգային բոլոր հարթակներում իր սրտում էր պահում Հայաստանը, հավատում էր երկրի ուժին, նրա մշակույթին և ապագային: Այդ իսկ պատճառով շանսոնյեն մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի իր ընտանիքը հաստատվի Հայաստանում և այստեղ շարունակի իր առաքելությունը։ "Այս հուշարձանը պատկանում է ողջ հայ ժողովրդին, և աշխարհում բոլոր նրանց, ովքեր սիրել և շարունակում են սիրել Ազնավուրին", - ասել է Նիկոլան՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին նախաձեռնության համար, քանդակագործին ՝ տաղանդի և մտահղացման խորության համար:
Նշենք, որ բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին: Ֆրանսիայից ժամանել է պատվիրակություն, որի կազմում են Փարիզի փոխքաղաքապետն ու Իլ դը Ֆրանս շրջանի քաղաքապետը:
Ազնավուրի արձանից սպիտակ կտավը քաշել են Մեծ շանսոնյեի որդին և թոռը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին: Պաշտոնական մասի ավարտին հավաքվածների համար ելույթ են ունեցել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները՝ կատարելով Ազնավուրի ստեղծագործությունները: Շառլ Ազնավուրի արձանի տեղադրման նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է, որն ամբողջությամբ ֆինանսավորել է այդ գործընթացը: