
Տրանսպորտային փոխադրումների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստ են անվստահություն հայտնել Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին:
Ինչպես նոյեմբերի 5-ին մամուլի ասուլիսում նշել է Փոխադրողների միության ղեկավար Հրանտ Եղիազարյանը, այսօրվա դրությամբ տրանսպորտի ոլորտում համապատասխան վերահսկողության բացակայությունն արդեն իրական խնդիր է դարձել: Նրա ասելով, վարորդները, որոնք պետք է իրականացնեն նաև միջազգային փոխադրումներ, աշխատանքի են ընդունվում բացառապես վարորդական իրավունքի առկայության պայմանով:
Ինչպես նշվել է, նախկինում աշխատանքի ընդունված նոր վարորդները պարտադիր ստաժավորում պետք է անցնեին փորձառու վարորդների մոտ: Այսօր այդ պահանջը, ըստ էության, բացակայում է:
Բացի այդ, ինչպես տեխնիկական, այնպես էլ բժշկական զննումը պետք է իրականացնի փոխադրող ընկերությունը: Իսկ նա, իր հերթին, տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու համար բավական է ունենալ միայն լիցենզիա և ավտոմեքենաների պարկ: Այդպիսով, ընդգծել է Եղիազարյանը, տրանսպորտի ոլորտում, գործնականում, բացակայում է պետական վերահսկողությունը:
Ինչպես տեղեկացրել է վարորդների պաշտպանության ընկերության ղեկավար Մխիթար Օհանյանը, արդեն շուրջ հազար ստորագրություն է հավաքվել հայտարարության ներքո, որում անվստահություն է հայտնվում տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: Ամենայն հավանականությամբ, վաղն այդ հայտարարությունը կուղարկվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Մենք ցանկանում ենք, որպեսզի պետության ղեկավարը լսի տվյալ ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ մեր դիտողությունները», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 2:10–ին Տուլայի մարզում վթարի էր ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղով ընթացող չինական Higer ավտոբուսը, որի վարորդը, առայժմ անհայտ պատճառներով, կորցրել էր մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել էր: Վերջին տվյալների համաձայն, ավտովթարի հետևանքով 8 մարդ է զոհվել, կա 47 տուժած: Ավտոբուսի բոլոր ուղևորները Հայաստանի քաղաքացիներ էին: Ավտոբուսը նույնպես պատկանում է հայկական ընկերության: Տուլայի մարզի ոստիկանությունը ՃՏՊ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և փոխադրամիջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշության հետևանքով հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան): Վարորդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսվա կալանքը:
Միևնույն ժամանակ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Մոսկվայում կալանքի է ենթարկվել Երևան մեկնող երկու ավտոբուս, որոնք նման են Տուլայի մարզում կողաշրջված ավտոբուսին: Ավտոբուսների տեխնիկական վիճակի ստուգման արդյունքում հայտնաբերվել են ղեկային և արգելակային համակարգերի լուրջ տեխնիկական անսարքություններ, ինչպես նաև ավտոբուսների գործարանային կառուցվածքում փոփոխության փաստեր: Բացի այդ, վարորդներն ուղևորափոխադրումներ էին իրականացնում առանց համապատասխան լիցենզիաների և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով: