


Մոսկվայում կալանքի է ենթարկվել Երևան մեկնող երկու ավտոբուս, որոնք նման են Տուլայի մարզում կողաշրջված ավտոբուսին: Այդ մասին հաղորդում է «գազետա.ռու»-ն` վկայակոչելով «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը:
Ինչպես հաղորդել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Գալիակբերովը, վերլուծելով Տուլայի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ը, Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ կողաշրջված «Մոսկվա-Երևան» ավտոբուսը մեկնել էր Լուգանսկայա փողոցում գտնվող ազգային խոհանոցի սրճարանի մոտից: Հատուկ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանկաում ոստիկաններին հաջողվել է կալանքի ենթարկել Երևան ուղևորվող երկու ավտոբուս` ուղևորներով լեփ-լեցուն: Աղբյուրի հավաստմամբ, ավտոբուսների տեխնիկական վիճակի ստուգման արդյունքում հայտնաբերվել են ղեկային և արգելակային համակարգերի լուրջ տեխնիկական անսարքություններ, ինչպես նաև ավտոբուսների գործարանային կառուցվածքում փոփոխության փաստեր: Բացի այդ, վարորդներն ուղևորափոխադրումներ էին իրականացնում առանց համապատասխան լիցենզիաների և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով: Այժմ ավտոբուսները տեղափոխվել են մասնագիտացված կայանատեղի, իսկ վարորդներին տարել են Ցարիցինոյի ՆԳ բաժանմումք` հետագա պարզաբանման համար: Լուծվում է մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու հարցը:
Նոյեմբերի 3-ին, ժամը 2:10–ին Տուլայի մաարզում վթարի էր ենարկվել Մոսկվա-Երևան երթուղով ընթացող չինական Higer ավտոբուսը, որի վարորդը, առայժմ անհայտ պատճառներով, կորցրել էր մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել էր: Վերջին տվյալների համաձայն, ավտովթարի հետևանքով 8 մարդ է զոհվել, կա 47 տուժած: Տուլայի մարզի ոստիկանությունը ՃՏՊ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և փոխադրամիջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշության հետևանքով հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան): Վարորդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսվա կալանքը:



