


Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Ըստ հիմնավորման՝ այն նշանակալի քայլ է երկու երկրների միջև վերոնշյալ բնագավառում համագործակցությունը զարգացնելու, ինչը կնպաստի երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը: Համաձայնագրի ստորագրումը նպաստում է երկու երկրների մշակութային ժառանգության և համայն մարդկությանը պատկանող մշակութային ժառանգության պահպանմանն ու պահպանությանը և պատշաճ կերպով պաշտպանվածությանը: Համաձայնագրի ստորագրման արդյունքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեմ պայքարելու համար: Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև առգրավման, աճուրդների և վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ: Կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում: Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի աջակցել միմյանց տարածքից ապօրինաբար հեռացված մշակութային արժեքների հայտնաբերման և վերադարձի հարցում՝ գործող օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին և համաձայնագրերին համապատասխան:



