
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել հանրային առողջապահության մակարդակը։ ՀՀ կառավարությունը հուլիսի 17-ի նիստում հավանություն է տվել Հանրային առողջության անվտանգության ապահովման գործողությունների ծրագրին:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, 2009 թվականից Հայաստանում ներդրվել են Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ՝ ՄԱ կանոններ) պահանջները, որի ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել Առողջապահության նախարարության և մյուս համագործակցող պետական կառավարման համակարգի մարմինների կողից: 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է առաջին համատեղ արտաքին գնահատում, որի արդյունքները հաշվի են առնվել ՄԱ կանոնների հետագա ներդրման ու ամրապնդման աշխատանքներն իրականացնելիս: 2020 թվականի կորոնավիրուսային համավարակն ի հայտ բերեց ամբողջ աշխարհում առողջապահական համակարգի մի շարք բացեր ու թերություններ: Համավարակից քաղած դասերի հիման վրա Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետև ԱՀԿ) կողմից վերանայվեցին ՄԱ կանոնների բազմաթիվ հիմնարար սկզբունքներ: Վերջին հաստատված սկզբունքների հիման վրա 2023 թվականի դեկտեմբերի 4-8-ը Հայաստանի Հանրապետությունում ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հետ համատեղ իրականացվել է երկրորդ արտաքին համատեղ գնահատում: Գնահատման արդյունքները հիմք են հանդիսացել մշակելու սույն Նախագիծը, որի նպատակն է խորացնել ՄԱ կանոնների ներդնումը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծելու ավելի անվտանգ հանրային առողջապահության համակարգ ու միջավայր:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, այդ միջոցառումների իրականացման ժամկետները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները:
Համաձայն ՄԱ կանոնների պահանջների Ծրագրի շրջանակներում գործողություններն իրականացվում են համագործակցային բազմոլորտ գործընթացի միջոցով՝ համատեղ Առողջապահության նախարարության, առողջապահական համակարգի կազմակերպությունների և Ծրագրով նախանշված շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից:
Հանրային առողջապահության բնագավառի որոշ միջոցառումներ արդեն ներառված են Հայաստանի Հանրապետութան կառավարության մի շարք որոշումներում և միջացառումները չեն ներառվել սույն Նախագծում:
Նախագծով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: Նախագծի ներդրման արդյունքում լայնորեն կկիրառվի «Մեկ առողջություն» սկզբունքը, որն իր մեջ ներառում է մարդկանց, կենդանիների և բույսերի համար վտանգավոր վարակների նկատմամբ հսկողությունը, կանխարգելումը և տարբեր բռնկումների ժամանակ պատշաճ արձագանքումը: Զգալի միջոցառումներ են նախատեսված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության իջեցման ուղղությամբ: Ամբողջ աշխարհում մտահոգիչ խնդիր է հանդիսանում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը, որը հղի է լուրջ հետևանքներով ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների ու բույսերի համար:
Նախագծով միջոցառումներ են նախատեսվում բարելավելու մասնագիտական մարդկային ներուժի առկայությունը, պատրաստումն ու պատշաճ բաշխումը արտակարգ իրավիճակների ժամանակ, կատարելագործելու տեղեկատվության ստացման ու փոխանցման մեխանիզմները, այդ գործընթացում համայնքների ու բնակչության ակտիվ ներգրավումը, սահմանային անցման կետերում հանրային առողջապահական գործառույթների համակարգումը, քիմիական և միջուկային բնույթի միջադեպերի ժամանակ արձագանքման կատարելագործումը:
Նախագծի ընդունմամբ կապահովվի հանրային առողջապահության կայուն մակարդակ, ՄԱ կանոնների լիարժեք իրագործում Հայաստանի Հանրապետության տարածքում, ավելի աղետակայուն ու պատրաստված համայնքներ ու երկիր։