
Խոցելի խմբի ուսանողները հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են հայտնվել 2011 թվականից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, «Կրթական հիմնադրամ» նախագծի շահառու են դարձել տարբեր բուհերում լավ առաջադիմությամբ սովորող՝ հատուկ կարիքներով, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող ուսանողները: Թիրախային այս խմբին աջակցելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև օրս հատկացրել է շուրջ 600 մլն դրամ:
Հաղթահարելով ընտանիքի սոցիալական բեռի հոգեբանական արգելքը՝ ավելի քան 700 շահառու լիարժեք ներառվել է կրթության գործընթացում: Նրանցից 53-ը ծրագրից օգտվել է չորս տարի շարունակ և ավարտել է բուհը՝ստանալով բակալավրի աստիճան:
«Կրթությանն աջակցությունը կարևոր և պատասխանատու մոտեցում է: Այստեղ ներդրումներ իրականացնողներից պահանջվում է համբերություն՝ արդյունքը տեսնելու և գնահատելու համար: Հոգատարությունը կորպորատիվ մշակույթ է: Երկարաժամկետ այս ծրագրով մենք ձգտել ենք խրախուսել կրթվելու ցանկությունը և այսօր արդեն ունենք արդյունք: Խելացի մասնագետների առկայությունը թույլ կտա զարգացնել երկրի տնտեսությունը և լինել մրցունակ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևոր է համարում մասնագիտացման հարցում երիտասարդներին խրախուսելու և զարգացման հնարավորությունը բոլորին հասանելի դարձնելու ջանքերը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: