


Արմինֆո. Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ։ Այդ մասին հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է վերջերս Բրյուսել կատարած իր այցի ընթացքում, որտեղ ԵՄ ղեկավարության հետ քննարկվել են ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հեռանկարները: Չնայած երկրում ընդունված "ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին" օրենքին, դա չի նշանակում ավտոմատ կերպով անդամակցել այդ կառույցին։ Դրա համար անհրաժեշտ է Եվրամիության բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Բացի այդ, ինչպես շարունակել է Փաշինյանը, երկիրն՝ ինքը, պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին։
Բրյուսելում կայացած բանակցությունների ընթացքում ՀՀ վարչապետն իր զրուցակիցներին հիշեցրել է, որ Հայաստանն ունի բարեփոխումների ծրագրեր և ռազմավարություն, որոնք ամեն դեպքում կյանքի կկոչվեն: Բարեփոխումների ծրագրերի, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, իսկ առաջիկայում նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի իրականացումը կհանգեցնի այն բանին, որ երկիրը բոլոր առումներով կհամապատասխանի եվրոպական չափանիշներին: Դրանից հետո երկիրը կդառնա ԵՄ անդամ, թե ոչ, ամեն դեպքում, այն կհամապատասխանի նրա չափանիշներին։
Փաշինյանն ընդգծել է, որ 2019 թվականի համեմատ Հայաստանի և ԵՄ երկրների միջև ուղևորափոխադրումներն աճել են գրեթե 400 տոկոսով: Այդ առումով նա կարևորել է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ակտիվացումը։ Վարչապետը հավելել է, որ կան դեպքեր, երբ քաղաքացիները ամիսներով չեն կարողանում վիզա ստանալ ԵՄ այս կամ այն երկիր այցելելու համար։ Այդ բոլոր հարցերը քննարկվել են Բելգիայի մայրաքաղաքում։



