


Արմինֆո. Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել: "Պատիվ ունեմ" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այդպես է մեկնաբանել Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը առգրավելու Գլխավոր դատախազության պահանջի մասին տեղեկությունը։
«Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Խոսքը Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող` ԼՂՀ ներկայացուցչության շենքի, սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին է:
Կարճ ասած, կառավարությունը փորձում է խլել արցախցիների հավաքատեղի և պետական ինստիտուտների տեղակայման վայրի կարգավիճակ ունեցող շենքը` ուղերձ հղելով ադրբեջանցիներին, որ վճռական է Արցախի էջը փակելու և ցանկացած դիմադրություն կոտրելու հարցում», - գրել է Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:



