


Արմինֆո. Հայաստանը որպես դիտորդ կմասնակցի հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 6-ը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժություններին: Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը 12-րդ անգամ կընդունի Agile Spirit 2025 բազմազգ միջազգային զորավարժությունները, որոնք ուղղված են մասնակից երկրների պաշտպանության ուժերի մարտունակության մակարդակի բարձրացմանը, փոխգործակցության և օպերատիվ կարողությունների ամրապնդմանը:
Զորավարժությունների հիմնական բաղադրիչներն են լինելու հրամանատարաշտաբային մասը, Սենակի-Վազիանի ճանապարհահատվածում վրաց-ամերիկյան մարտավարական պարեկությունը, հրաձգությամբ վարժանքները, հատուկ գործողությունների ուժերի համատեղ գործողությունները եւ Վրաստանի պաշտպանության ուժերի մարտական պատրաստության կենտրոնի ստուգումը:
Agile Spirit 2025-ը կանցկացվի Վրաստանում և Թուրքիայում ։ Վրաստանում նախատեսված զորավարժությունները կանցկացվեն Վրաստանի պաշտպանության ուժերի արեւմտյան հրամանատարության եւ ԱՄՆ Ջորջիա նահանգի Ազգային գվարդիայի հետ համատեղ, դրանց կմասնակցեն զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից եւ Ուկրաինայից: Հայաստանի և Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները ներկա կլինեն որպես դիտորդ:



