
Արմինֆո. Սյունիքի մարզով անցնող ճանապարհի կարգավիճակի հարցը վաղուց քննարկման կենտրոնում է, հիմնական երկընտրանքն այն է, թե արդյոք այդ ճանապարհը միջանցք է, թե ոչ: Իրավագետ Գոհար Մելոյանն այսպես է մեկնաբանել բրիտանական Middleeasteye մեդիա կայքի "ԱՄՆ-ն առաջարկում է վերահսկել Հայաստան - Ադրբեջան վիճելի միջանցքը" վերտառությամբ հրապարակումը:
«Եթե որևէ հայ-ադրբեջանական համաձայնագրում կամ պայմանագրում սահմանվի, որ կողմերը պայմանավորվում են, որ ՀՀ տարածքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը 100 տարի ժամկետով անցնում է որևէ մասնավոր կազմակերպությանը, ապա դա նշանակելու է, որ Հայաստանը տվեց միջանցք: Քանի որ, այդ դեպքում՝Ադրբեջանը «լեգիտիմ» իրավունք է ձեռք բերում ՀՀ տարածքի նկատմամբ։
Իրավական առումով միջացքից խուսափելու տարբերակ է՝ Հայաստանի կողմից նման պայմանագրի միակողմանի եւ ուղիղ կնքումը որևէ մասնավոր կազմակերպության հետ: Այսինքն, հոդվածով հրապարակված սցենարի դեպքում՝ տարբերակումը միջանցքի և «չմիջանցքի» կախված է լինելու նրանից, թե ինչ փաստաթղթով են նախատեսվելու ամերիկյան կողմի իրավասությունները՝ հայ-ադրբեջանական պայմանագրով, թե Հայաստանի և ԱՄՆ մասնավոր կազմակերպության միջև կնքված պայմանագրով:
Ամեն դեպքում, Սյունիքի հարցը վաղուց «քննարկելի է», - գրել է Գոհար Մելոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարության հետ կապող իր տարածքի վերահսկողությունը երրորդ կողմին փոխանցելու հնարավորությունը: Այսպես է նա արձագանքել Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքի խոսքերին այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է կառավարել Հայաստանի Սյունիքով տրանսպորտային միջանցքը ՝ փորձելով առաջ մղել Բաքվի և Երևանի բանակցությունները:
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավի ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մինչդեռ, Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ պայմանավորվածությունների էությունը և ստանալ արտատարածքային միջանցք։