


Արմինֆո. Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում:
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև համատեղ ծրագրերի ընթացքին:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում այսօր տեղի ունեցած քննարկումներին՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ՀՀ Կառավարության նպատակադրումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
Էմանուել Մակրոնն X-ի իր էջում հանդիպման առնչությամբ նշել է, որ ուրախ է ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Փարիզում: "Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու նրա համարձակ ջանքերին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը կարող է նոր գլուխ բացել տարածաշրջանի պատմության մեջ", - նշել է Ֆրանսիայի նախագահը։



