


Տուլայի մարզում վթարի ենթարկված ավտոբուսի բոլոր ուղևորներն արդեն նոյեմբերի 12-ին կարող են մեկնել Հայաստան: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը` Տուլայի կառավարությունում օպերատիվ խորհրդակցության ժամանակ: Նրա ասելով, բուժօգնության կարիք ունեցողները բուժումը կշարունակեն Տուլայի մարզի և Մոսկվայի հիվանդանոցներում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նոյեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երևան երթուղով շարժվող ավտոբուսի կողաշրջման հետևանքով, ԱԻՆ տվյալներով, զոհվել է ութ մարդ, տուժել է 35 մարդ: Ավտոբուսում եղել է ընդամենը 59 ուղևոր` 50 տղամարդ և 9 կին, ինչպես նաև` երկու վարորդ, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ: Ավտոբուսը պատկանում է հայկական «Քինգ Դելյուքս» ընկերությանը: Տուլայի մարզի ոստիկանությունը ՃՏՊ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և փոխադրամիջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշության հետևանքով հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան): Ոստիկանությունը դիտարկում է կատարվածի երկու վարկած` փոխադրամիջոցի տեխնիկական անսարքությունը և վարորդի քունը ղեկի մոտ:



