
Արմինֆո. Ավելի քան 20 տարի "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության շրջանակում Գյոթեի ինստիտուտը փորձում է Գերմանիայից առավել հետաքրքիր միջազգային կինոաշխատանքներ և մասնագետներ ներգրավել Հայաստան: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գյոթեի ինստիտուտի մշակութային ծրագրերի համակարգող Մարիամ Գուրզադյանը։ Այս կապակցությամբ նա պատմել է, որ կինոփառատոնում արդեն ավանդական դարձած "Արտադրված է Գերմանիայում" ծրագրի շրջանակում ցուցադրվելու է գերմանական մասնակցությամբ 4 ֆիլմ: Մասնավորապես, Գուրզադյանը հայտարարել է, որ այդ ծրագիրը կբացի հուլիսի 15-ին Կինոյի տանը "Բեռլինյան դպրոց" կինոշարժման մասնակից Քրիստիան Պեցոլդի "Հայելիներ համար 3" նոր աշխատանքը , որի պրեմիերան կայացել է Կաննում: Ֆիլմը ինչ-որ չափով տարբեր օպտիկայի ներքո նույն իրադարձությունները դիտելու փորձ է։ Իր այդ աշխատանքում Պեցոլդը անդրադառնում է իր համար կարևոր թեմայի՝ մահվան թեմային։ Համակարգողը նշել է, որ Պեցոլդի բոլոր կարևոր աշխատանքները տարիների ընթացքում ներկայացվել են "Ոսկե ծիրանի" շրջանակներում:
"Երևանյան պրեմիերաներ" ծրագրի շրջանակում կցուցադրվի ուկրաինացի կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի "Երկու դատախազ" վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ստալինյան բռնաճնշումների շրջանի մասին և հանդիսանում է խարկովցի ֆիզիկոս, Գուլագի բանտարկյալ Գեորգի Դեմիդովի համանուն վեպի էկրանավորումը: Աշխատանքը նկարահանվել Է Գերմանիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրությամբ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննում։
Երևանի հանդիսատեսը տարածաշրջանային մրցութային ծրագրի շրջանակում կդիտի նաև "Աբու Զաաբալ 89" ֆիլմը, որը նկարահանվել է ռեժիսոր Բասսամ Մորտադայի կողմից՝ Գերմանիայի և Եգիպտոսի համատեղ արտադրությամբ: Սա պատմություն է քաղաքական բռնության մոռացված էջի վերաիմաստավորման մասին ՝ 1989 թվականին Աբու Զաաբալ բանտում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Պրեմիերան կայացել Է Կահիրեի միջազգային կինոփառատոնում։
Եվ կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում կցուցադրվի Կատյա Ֆեդուլովայի "Գոռ. փախստական Լեռնային Ղարաբաղից" վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Գերմանիայում: Ֆիլմը պատմում է Լեռնային Ղարաբաղից 13-ամյա մի տղայի մասին , ով 48 ժամ միայնակ մեքենա է վարել, որպեսզի իր ընտանիքը դուրս բերի Արցախից , որտեղ էթնիկ զտումներ էին իրականացվում ադրբեջանական ռեժիմի կողմից:
"Մենք նաև ուրախ ենք, որ այս տարի կարողացանք Հայաստան հրավիրել գերմանացի նշանավոր օպերատոր, ռեժիսոր և կինոարվեստի դասախոս Ֆրեդ Քելեմենին, ով կգլխավորի "Ոսկե ծիրան" 22-րդ միջազգային կինոփառատոնի "Կորիզ" կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին: Բացի այդ, նա Երեւանում 3-օրյա սեմինար կանցկացնի հայ կինոգործիչների եւ օպերատորների համար", - հաղորդել է Գուրզադյանը։
Նշենք, որ այս տարի "Ոսկե ծիրան" կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը, որի ընթացքում երևանյան հանդիսատեսին, ավանդույթի համաձայն, կներկայացվեն միջազգային առաջատար կինոփառատոններում (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) ընտրված կինոաշխատանքներ: Կինոփառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով ՝ https://drive.google.com/file/d/1WbLzAXxzxPo5D_OQm8wr0__eOPewhiRA/vie Վ?fbclid=IwY2xjawLfHopleHRuA2FlbQIxMABicmlkETFOR1JsNXVYNlE0cFh rSGxCAR78Az2lSsz5cIxfCX2h5Al8CLjGfy3qVG1es6VSnf1p3vnDaL2dkcMWy w8Xew_aem_DYSerN_IgxMMEDFfXRH-gA .