
Արմինֆո. Պետական ապարատը՝ դատախազություն, քննչական մարմիններ, հատուկ ծառայություններ, այս օրերին զբաղված են ոչ թե Հայաստանի գլխին կախված նոր պատերզմի, սպառնալիքների կանխարգելմամբ, հասարակության, սահմանների պաշտպանության առավել ամրացմամբ՝ այլ սթրայքբոլի սիրահարների «բացահայտման և վնասազրծման» լուրջ ու պատասխանատու աշխատանքով: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարության մեջ՝ կապված կուսակցության երիտասարդական թևի անդամ Անդրանիկ Չամիչյանի ձերբակալության հետ։
«Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության նկատմամբ ուղղված զրպարտչական, վարկաբեկման և մանիպուլյատիվ արշավի, որը ոչ թե հիմնված է իրականության վրա, այլ՝ թելադրված է քաղաքական իշխանության կողմից։
Երիտասարդական Միության անունից խստորեն դատապարտում ենք այն փորձերը, որոնց նպատակն է վախեցնել, լռեցնել ու ահաբեկել քաղաքականապես գիտակից, գաղափարական համոզմունքներով առաջնորդվող հայ երիտասարդներին։
Մեր ընկերների նկատմամբ իրականացվող գործողությունները՝ անօրինական ձերբակալություններ, խուզարկություններ, կեղծ մեղադրանքներ, հիշեցնում են խորհրդային ռեպրեսիվ ավանդույթները։
Երիտասարդներին ձերբակալել խաղային զենքերի, օրենքի սահմաններում ազատ վաճառքի դրված խաղային այլ իրերի ձեռքբերման համար՝ ոչ այլ ինչ է, քան ծաղրի առարկա դարձնել ուժային և հատուկ ծառայություններին։
Հրապարակել 135-ամյա կուսակցության՝ գրեթե նույն տարիքի կարգախոսով շապիկ և պարծենալ «բացահայտված ահաբեկչական գործողություններով» ՝ ոչ այլ ինչ է, քան ազգային ամոթ։
Պետական ապարատը՝ դատախազություն, քննչական մարմիններ, հատուկ ծառայություններ, այս օրերին զբաղված են ոչ թե Հայաստանի գլխին կախված նոր պատերզմի, սպառնալիքների կանխարգելմամբ, հասարակության, սահմանների պաշտպանության առավել ամրացմամբ՝ այլ սթրայքբոլի սիրահարների «բացահայտման և վնասազրծման» լուրջ ու պատասխանատու աշխատանքով։
Մենք հպարտ ենք մեր ընկերներով, ովքեր պատվի ու սկզբունքի հարց են համարում պայքարը հանուն հայրենիքի, և ոչ մի կարծրատիպ, սպառնալիք կամ զրպարտություն չի կոտրի այդ կամքը։
ՀՅԴ երիտասարդությունը շարունակում է իր գաղափարական, քաղաքական ու կրթական պայքարը՝ պատասխանատվությամբ, ազնվությամբ ու համարձակությամբ։ Իսկ այս շինծու գործընթացները ոչ թե կվախեցնեն, այլ նոր համոզմունք ու իմաստ կտան մեր պայքարին և կապահովեն մեր գաղափարական ընկերների և համակրների համախմբումը», - ասվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության
կենտրոնական վարչության հայտարարությունում:
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հաղորդել էր, որ դատարանի որոշմամբ ՀՅԴ երիտասարդական թևի անդամ Անդրանիկ Չամիչյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով: Նաեւ սահմանափակել են նրա տեսակցությունները մերձավոր ազգականների հետ։ Մելիքյանը նաև ուշադրություն է հրավիրել և ամոթալի որակել այն հանգամանքը որ քննչական մարմինները 18-ամյա Չամիչյանի նկատմամբ գործ են հարուցել նրա մոտ հայտնաբերված սթրայքբոլ խաղի պարագաների հիման վրա, որոնք համարել են "ահաբեկչության" նախապատրաստման միջոց:
Հիշեցնենք, որ, իբր, "ահաբեկչական գործողություն" նախապատրաստելու գործով ավելի վաղ ձերբակալվել էր ևս 7 մարդ: Ընդ որում, դաշնակցականները վստահ են, որ իրենց զինակիցների ձերբակալությունները հերթական քաղաքական պատվերն են։