
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անսպասելի էին բոլորի համար: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Անցած ընտրություններում կառավարող ԱԶԿ կուսակցությունը բարելավել է իր հունիսյան արդյունքները 10%-ով և ստացել ձայների շուրջ 49%-ը՝ երկիրը միանձնյա կառավարելու հնարավորություն ստանալով, նշել է Սաֆրաստյանը: Սակայն, նրա կարծիքով, գրանցված արդյունքը կարելի է համարել Էրդողանի, բայց ոչ Թուրքական Հանրապետության հաղթանակը: Նրա խոսքով, վերջին 5 ամսում թուրքական հասարակությունը լարված վիճակում է գտնվել՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վատթարացման և քրդերի նկատմամբ ճնշումների վերսկսման հետ կապված: Միաժամանակ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ծավալված բռնության ալիքը համընդհանուր վախի մթնոլորտ է ստեղծել երկրում և աննախադեպ ճգնաժամի հանգեցրել:
Թուրքագետը գտնում է, որ Թուրքիայի միջազգային մեկուսացումը սարերի հետևում չէ: Եգիպտոսը խզել է այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները, արդեն ճգնաժամ է նկատվում Ռուսաստանի հետ հարաբերություներում, լուրջ խնդիրներ կան Սիրիայի և Իսրայելի հետ հարաբերություններում, նշել է Սաֆրաստյանը: Նա բացառում է նաև Էրդողանի՝ Թուրքիան իսլամական աշխարհի կենտրոն տարձնելու երազանքը կյանքի կոչելու հնարավորթւյունը:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության վեկտորի հնարավոր փոփոխություններին, ապա, ինչպես նշել է Սաֆրաստյանը, վտանգ կա, որ Թուրքիան կփորձի լարվածության օջախներ ստեղծել Հարավային Կովկասում՝ ռազմատենչ տրամադրություններ հրահրելով Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում կառավարող Արդարության և զարգացման կուսակցությունը հաղթանակ է տարել՝ ձայների շուրջ 50%-ով: Երկրորդ տեղում Ժողովրդահանրապետական կուսակցությունն է /ձայների 25,4%/, այնուհետև հաջորդում են Ազգայնական շարժում կուսակցությունը /11,9%/ և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը /10,7%/: Հունիսին կայացած նախորդ խորհրդարանական ընտրություններում կառավարող կուսակցությունն ավելի քիչ ձայներ է ապահովել, ինչը թույլ չի տվել վերջինիս միայնակ կառավարություն ձևավորել: Տարաձայնությունները հանգեցրել էին ներքաղաքական ճգնաժամի և կրկնակի ընտրությունների նշանակման, որոնք կայացան անցած կիրակի օրը: