


Արմինֆո. Կառավարությունը հուլիսի 10-ի նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված, «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու, Սյունիքի մարզում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը համագործակցելով Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսում է Գորիս քաղաքում իրականացնել «Գորիսի համայնքային զարգացում» ծրագիրը՝ մասնավորապես Գորիսում ստեղծել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ:
Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները նախատեսում են, վերը նշված ծրագրի իրականացման նպատակով առանձնացված, համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր 57.76518 հեկտար (7 միավոր) մակերեսով հողամասերը և շինություններն, այդ թվում՝ քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս, 52 հասցեում գտնվող անբարեկարգ մարզադաշտն ապամոնտաժման ենթակա մետաղական, կիսաքանդ 381.8քմ շինություններով, անհատույց սեփականության իրավունքով, նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին:



